Ռուսաստանը հանդես է գալիս խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման և հաղորդակցությունների ապաշրջափակման օգտին։ «Առաջին ալիքին» տված հարցազրույցում այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը։ Ցավոք, Հայաստանի Սյունիքի տարածքով հաղորդակցվելու հարցում հենց հայկական ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում այն պայմանավորվածությունը, որի տակ դրված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը: Դժվար է հասկանալ, թե որն է նման դիրքորոշման իմաստը», – ասել է Լավրովը։
Նրա խոսքով՝ եռակողմ հանդիպումների և փաստաթղթերի շրջանակներում դրված հիմքը լիովին պահպանում է իր արդիականությունը:
Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, ապա, ըստ Լավրովի, այստեղ էլ գլխավորը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020-2022 թվականներին ձեռք բերած եռակողմ պայմանավորվածությունների շարքի ոգուն և տառին հետևելն է: Դրանք, նրա խոսքով, ընդգրկում են իրավիճակի բոլոր կողմերը, ինչպես նաև այն հարցերը, որոնք պետք է լուծվեն` այն վերջնականապես և ամբողջությամբ կարգավորելու համար: