Azg.am-ի զրուցակիցն է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
-Պարո՛ն Նահապետյան, նախօրեին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ «Մենք պատերազմը պարտվել ենք այն պատճառով, որովհետև մեր բանակում գործել է հինգերորդ շարասյուն: Սա իմ համոզմունքն է մի շարք փաստերի վերլուծության արդյունքում»։
Ի՞նչ է նշանակում բանակում հինգերորդ շարասյունը, ինչպե՞ս կմեկնաբանեք Փաշինյանի այս հայտարարությունը։
-Առաջին հայացքից թվում է՝ աբսուրդ է ասում, որովհետև «5-րդ շարասյուն» բառակապակցությունը սովորաբար օգտագործվում է այն երկրների նկատմամբ, որոնք քո երկրում ազդեցության գործակալներով փորձում են ազդել քաղաքական պրոցեսների վրա ՝ ներառյալ մասնակցել իշխանափոխությանը, ի դեպ այնպես, ինչպես եղավ 2018-ին։ Հայաստանում գործում էր արևմտյան 5-րդ շարասյունը, ընդ որում՝ Նիկոլ Փաշինյանն այդ շարասյան դրոշակակիրներից մեկն էր։
5-րդ շարասյան գործունեությունը քաղաքական դաշտում է։ Ինչ վերաբերում է բանակին, պատերազմում մեր կրած պարտությունը բարդելով իբր բանակում 5-րդ շարասյան վրա՝ Փաշինյանը մոռանում է, որ պատերազմը չի ավարտվել։ Երկրորդ, երբ նա ասում է, որ բանակում կա 5-րդ շարասյուն, պետք է հիշի 2018-ին Տավուշում տեղի ունեցած հայտնի ռազմական բախումները, որոնցից հետո սկսեց տասնյակներով կառավարական պարգևներ բաժանել։
Այդ ամենից հետո Փաշինյանը հրապարակավ հայտարարեց՝ հայկական բանակը մեկ անգամ ևս վերահաստատեց տարածաշրջանում ամենուժեղ բանակը լինելու իրողությունը։ Սա նշանակում է, որ Փաշինյանը նախորդ իշխանություններից ժառանգել էր մարտունակ բանակ։ Այդ ժամանակ, ըստ նրա, բանակում 5-րդ շարասյուն չկար, որովհետև այն մարտունակ էր։ 5-րդ շարասյունն, ըստ Փաշինյանի, առաջացել է այդ հաղթանակից հետո՝ մինչև 2020 թվականի պատերազմը։ Այս առումով ես համակարծիք եմ, որ բանակում քաղաքացիական անձինք պատերազմի ժամանակ որոշումների վրա ազդեցություն ունեցան, և դա Նիկոլ Փաշինյանի ղեկավարած 5-րդ շարասյունն էր, մասնավորապես, երբ Ստեփանակերտում ռազմական որոշումներ կայացնող, գաղտնիության ամենաբարձր աստիճան ունեցող մարմնում հայտնվել էին քաղաքացիական անձինք՝ սկսած նրա տիկնոջից։
Այսինքն՝ 44-օրյա պատերազմի ժամանակ, այո՛, 5-րդ շարասյուն գործել է, որի ներկայացուցիչը Փաշինյանն էր՝ իր թիմակիցների, ընտանիքի անդամների հետ, և նրանք զինվորականներ չեն եղել, որովհետև բանակում 5-րդ շարասյուն չի կարող լինել։
-Պարո՛ն Նահապետյան, իսկ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը 5-րդ շարասյան մասին միայն հիմա հայտարարում։
-Թվում է՝ նա պարտության մի նոր մեղավոր է գտել՝ ի դեմս ինչ-որ զինվորականների, որոնք իբր 5-րդ շարասյուն են։ Նրանք Ռուսաստանում կրթություն ստացած և Ռուսաստանի հետ այս կամ այն ձևով կապված մարդիկ են։ Այս ամենն ասում է, որ սկսվել և հիմա էլ շարունակվում է բանակում կադրային ջարդը։ Այդ կադրային ջարդի բուն իմաստը հետևյալն է. ազատվել ՔՊ-ի «գաղափարներին» ոչ հավատարիմ, ՌԴ-ում կրթություն ստացած, իշխանությունների վարած քաղաքականության նկատմամբ ոչ լոյալ և Արցախը զենքով պահելու պատրաստ զինվորականներից։
Նրանցից ազատվելու գործընթացն արդեն իսկ սկսվել է։ Օրինակ՝ երեկ պաշտոնից ազատվեց Հայ-ռուսական համատեղ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանը, որը սովորել-ավարտել է ՌԴ-ում։ Նիկոլ Փաշինյանը և իր մունետիկները հիմա ասում են, որ այսպիսի մարդիկ 5-րդ շարասյուն են։ Իհարկե, սա կեղծիք է, որովհետև 5-րդ շարասյունը հենց իրենք են։
Ինչ վերաբերում է 5-րդ շարասյանը տված Փաշինյանի գնահատականին, այո՛, բանակը պետք է մաքրվի քաղաքական դերակատարում ունեցող գործիչներից, որոնք գործնականում ազդեցություն ունեն բանակի վրա՝ անկախ նրանից՝ պատգամավոր են, կուսակցության կամ կառավարության անդամ են կամ Փաշինյանի սիրելի օլիգարխ։
-Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է, որ Հայաստանը կարող է ռազմական ագրեսիայի ենթարկվել։ Ի՞նչ մեսիջ է, ըստ Ձեզ, նա այսօրինակ հայտարարություններով ուզում տեղ հասցնել։
-Այո՛, այդ միտքը վերջին շրջանում նա բավականին ինտենսիվ կերպով գեներացնում է՝ սկսած Գերիմանիա կատարած այցից։ Փաշինյանը մշտապես ասում է, որ մեր անվտանգությունը վտանգված է, և Ադրբեջանը կարող է լայնածավալ ռազմական ագրեսիա սկսել Հայաստանի դեմ։ Իր կողմից տրված ամենացավոտ գնահատականն այն է, որ Հայաստանը չի կարող երաշխավորել սեփական անվտանգությունը։ Եթե նա, որպես երկրի ղեկավար, չի կարող երաշխավորել, իսկ Ադրբեջանը ռազմական ագրեսիա է պատրաստում, ո՞րն է լուծումը.
ա) ընդունել Ադրբեջանի կողմից թելադրվող բոլոր պայմանները։ Ինքն այսօր ժողովրդին փորձում է պատրաստել հետևյալին. խաղաղության պայմանագիրը կստորագրեմ Ադրբեջանի պահանջներով, որովհետև վերջինս լայնածավալ ռազմական գործողությունների է պատրաստվում, որոնց Հայաստանը չի կարող դիմագրավել։
բ) երբ Փաշինյանը հայտարարում է, որ Ադրբեջանը ռազմական ագրեսիայի է պատրաստվում, և ՀՀ զինուժն ունակ չէ դիմագրավելու այդ հարձակմանը, պետք է դիմի ռազմաքաղաքական իր դաշնակցին՝ Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին։
Տրամաբանական է, որ Հայաստանը պետք է դիմեր այդ դաշինքին՝ մեր տարածաշրջան՝ մասնավորապես հայ-ադրբեջանական սահման, դիտորդներ, խաղաղապահներ հրավիրելու, խորացներ ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունը, համատեղ զորավարժություններ իրականացներ։ ՀԱՊԿ-ն այդ ամենին պատրաստ է, բայց Փաշինյանը հրաժարվում է։ Այստեղից հետևություն. նա ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանն անպատրաստ լինի Ադրբեջանի ռազմական ագրեսիային դիմագրավելու։ Փաստացի Փաշինյանը ՀԱՊԿ-ի հետ ապահարզանի գործընթաց է սկսել։
Նիկոլ Փաշինյանը քարոզչական դաշտում գեներացնում է այն միտքը, որ ստիպված է լինելու ստորագրել Ադրբեջանի պարտադրած փաստաթուղթը։ Իսկ այդ փաստաթղթում Ադրբեջանի համար սկզբունքային երկու կարևոր պայման կա՝ նախ, որ Արցախն Ադրբեջանի մաս է, և երկրորդ՝ Ադրբեջանը ցանկանում է մեր տարածքում միջանցք ունենալ՝ Մեծ Թուրանի ապագա կայսրության համար։
Այդ միջանցքը ռազմավարական տեսանկյունից կարևոր է նաև ԱՄՆ-ի համար։ Այս երկրորդ պայմանի կատարման համար Ադրբեջանը քարոզչական և իրավական լուրջ գործընթաց է սկսել, ըստ որի՝ 80-ականների վերջերին Հայաստանից իբր դուրս եկած ադրբեջանցիները և նրանց ժառանգները փորձում են վերադառնալ Հայաստան՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպության անվան ներքո։ Այս վտանգի մասին, իդեպ, Փաշինյանը բարձրաձայնեց Գերմանիայում։
Հիմա այստեղից հետևություն. եթե Փաշինյանը և իր քաղաքական խմբակը հող են նախապատրաստում Ադրբեջանին հանձնել նրա բոլոր ուզածները, խանգարող գործոններ կան. խանգարող գործոնն Արցախում ՌԴ խաղաղապահ զորախումբն է, Հայաստանում՝ 102-րդ ռուսական ռազմաբազան։ Երբ խաղաղապահների մանդատի ժամկետը լրանա, դրանից 6 ամիս առջա պետք է նոր հայտ ներկայացնել՝ երկարաձգելու առաքելությունը։ Եթե Փաշինյանը հայտարարում է, որ Արցախն Ադրբեջանի մաս է, և արցախցիների ու ադրբեջանցիների միջև ինտեգրման գործընթաց է ծավալվում, բնականաբար, հարց է առաջանում՝ ինտերգարցիայի պայմաններում Արցախում ռուս խաղաղապահներն ի՞նչ գործ ունեն։
Երկրորդ, եթե, այնուամենայնիվ, ՀԱՊԿ-ի հետ «ապահարզանի» գործընթացը մտնում է վճռական-ավարտական փուլ, իսկ հիմա մենք այդ փուլում ենք, հաջորդաբար դրվում է Հայաստանից 102-րդ ռազմաբազայի դուրսբերման խնդիրը։ Այս գործընթացներից հետո ամենացանկալին ստանալու է ԱՄՆ-ը, որովհետև Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրսբերման պայմաններում Արևմուտքը Ռուսաստանի և Իրանի նկատմամբ կարող է լայնածավալ ռազմական գործողություններ սկսել։
Հիշենք, որ օրերս Հայաստանում էր ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, որն այժմ մասնավոր խոհրդատվական ընկերության ղեկավար է։ Նա հանդեպել է ՀՀ վարչապետի, պաշտպանության նախարարի պարտականությունները կատարող անձանց հետ, եղել Ջերմուկում և Լաչինի միջանցքի սկզբնամասում, ինչ-որ հայտարարություններ արել։ Այդ անձն Ուկրաինայի նախկին նախագահ Պորոշենկոյի ռազմական գծով գլխավոր խորհրդականն էր, ուկրաինական բանակը ՌԴ-ի դեմ պատերազմի մղելու պատասխանատու անձը։ Հիմա այդ անձն ակտիվացել է Հայաստանում։ Սրան գումարած՝ մեր երկրում գտնվող 100 ԵՄ դիտորդները, որոնք անվտանգության և պաշտպանության մասնագետներ են, բայց որոնք ոչ թե կանխարգելիչ գործառույթ ունեն, որ Ադրբեջանը մեզ վրա չհարձակվի, այլ փաստացի իրականացնում են հետախուզական աշխատանք։