Հունիսի 18-ից 21-ը Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ ամենամյա միջազգային տնտեսական 28-րդ համաժողովը, որը մեկ անգամ ևս ծառայեց որպես հարթակ՝ համախմբելու աշխարհի առաջատար քաղաքական գործիչներին և գործարար շրջանակների ներկայացուցիչներին՝ քննարկելու գլոբալ նշանակության խնդիրներ և որոնելու դրանց լուծման արդյունավետ ուղիներ։
Միջոցառմանը մասնակցում էին ռուսական և արտասահմանյան խոշորագույն ընկերությունների ղեկավարներ, պետական գերատեսչությունների, քաղաքական, գիտական և այլ բնագավառների ներկայացուցիչներ։ Այս տարվա միջոցառումն անցնում էր «Ընդհանուր արժեքները՝ բազմաբևեռ աշխարհի աճի հիմքում» թեմայով։
Համաժողովը եզակի է իր գործնական նշանակությամբ, քանի որ այստեղ կայացվում են գործնական որոշումներ, մեկնարկվում են նորարարական խոշորածավալ նախագծեր, կնքվում են իրական ներդրումային համաձայնագրեր, և փորձագետները կիսվում են իրենց փորձով, կանխատեսումներով և ռազմավարական նախաձեռնություններով։
Այս տարվա համաժողովին մասնակցում էր ավելի քան 24 200 մարդ և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ՝ 144 երկրներից ու տարածքներից, ներառյալ Ռուսաստանը։
Միջոցառման աշխատանքները լուսաբանելու նպատակով ՌԴ հյուսիսային մայրաքաղաք էր մեկնել նաեւ ՌԴ-ում «Ազգ»ի հատուկ թղթակիցը։
Ամենամեծ պատվիրակությունները եկել էին Ինդոնեզիայից (ավելի քան 260 մարդ), Չինաստանից (250), ԱՄԷ-ից (ավելի քան 120), Բահրեյնից (ավելի քան 80) և Սաուդյան Արաբիայից (ավելի քան 80)։
Ֆորումին ներկա բարձրաստիճան պաշտոնյաների թվում էին Աբխազիայի, Ինդոնեզիայի, Հարավային Օսիայի նախագահները, Հարավային Աֆրիկայի Հանրապետության փոխնախագահը, Չինաստանի փոխվարչապետը, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարը և այլք։
Համաժողովի աշխատանքներին մասնակցում էին նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը և ՌԴ առևտրաարդյունաբերական պալատում հայ-ռուսական գործարար խորհրդի նախագահ Արայիկ Թաթոյանը:
ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել որպես խոսնակ «Հայաստան-Ռուսաստան» նիստին, որի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր։
Մհեր Գրիգորյանը մասնակցել է որպես խոսնակ նաև միջազգային տնտեսական համաժողովի «ԵԱՏՄ իրական հատվածի սիներգիան՝ որպես ժամանակակից մարտահրավերների պատասխան» խորագրով նիստին, որը վերաբերում էր ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսական ինտեգրման հիմնական խնդիրներին և հնարավորություններին:
Եռօրյա համաժողովի ընթացքում անցկացվեց շուրջ 150 միջոցառում, որոնք ընդգրկեցին հինգ հիմնական թեմա՝ «Համաշխարհային տնտեսությունը՝ որպես նոր հնարավորությունների հարթակ», «Ռուսաստանի տնտեսություն՝ նոր որակով աճի ուղիներ», «Մարդը նոր աշխարհում», «Բնական և սոցիալական միջավայր», «Տեխնոլոգիաներ՝ առաջատար դիրքերի ձգտում»։
Հունիսի 20-ին համաժողովի լիագումար նիստում ելույթ ունեցավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ռուսաստանի նախագահը ներկայացրեց երկրի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական ցուցանիշները և առաջնահերթությունները։ Ըստ Վլադիմիր Պուտինի, տեխնոլոգիական զարգացումները պետք է հասանելի լինեն բոլորին և նպաստեն աղքատության մակարդակի նվազեցմանը։
Ռուսաստանի ՀՆԱ-ի տարեկան աճը գնահատվում է 4%, իսկ միայն 2025 թ․ առաջին չորս ամիսներին արձանագրվել է 1.5% տնտեսական աճ։
Ըստ նախագահի ներկայացրած տվյալների՝ ինֆլյացիան 2025 թ․ հունիսի 16-ի դրությամբ կազմում է 9.6%, իսկ գործազրկության մակարդակը՝ նվազագույն 2.3%։
Աղքատության մակարդակը, որը 2000 թվականին հասել էր 42.3 միլիոն մարդու, 2025 թ․ նվազել է մինչև 10.5 միլիոն։ Պուտինը կարևորեց այս ցուցանիշը հասցնել 5 տոկոսի։
Նախագահը շեշտեց ժամանակակից տեխնոլոգիաների և թվայնացման ակտիվ ներդրման անհրաժեշտությունը։ Նա նշեց, որ հետազոտությունների և մշակման ոլորտում ծախսերը կհասնեն ՀՆԱ-ի 2 տոկոսի, իսկ տեխնոլոգիական զարգացմանն ուղղված մասնավոր ներդրումները կկրկնապատկվեն։
Պուտինը կարևորեց տարբեր հիմնադրամների և զարգացման ինստիտուտների համակարգված աշխատանքը՝ գիտական արդյունքների արդյունավետ ներդրման նպատակով։
Նա հայտարարեց, որ Ռուսաստանում կստեղծվի ազգային թվային տրանսպորտային-լոգիստիկ հարթակ։ Պուտինի խոսքով՝ անհրաժեշտ է անցում կատարել թվային ռուբլու զանգվածային կիրառման։
Միջազգային հարթության վրա՝ Ռուսաստանի նախագահը կոչ արեց խորացնել տնտեսական համագործակցությունը «բարեկամ երկրների» հետ՝ ներառելով համատեղ ռազմատեխնիկական ծրագրեր, գիտական և արդյունաբերական արտադրություն, կրթական ծրագրեր և ներդրումային նախաձեռնություններ։
Նախագահը վստահեցրեց, որ Ռուսաստանի նպատակը մնում է արդար, բազմաբևեռ տնտեսական կարգի կառուցումը՝ ազատ շուկայի և պետական ինքնիշխանության սկզբունքներով։
Ի դեպ, Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին մասնակցում էր նաև Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Համաժողովի մամլո ճեպազրույցում Զախարովան անդրադարձավ նաև ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին։ Նրա խոսքով՝ Սամվել Կարապետյանը հանդիսանում է Ռուսաստանի քաղաքացի և, ինչպես որեւէ քաղաքացի, արժանի է Ռուսաստանի կողմից անհրաժեշտ օգնության։
«Մենք հետևում ենք ստեղծված իրավիճակին։ Որպես ռուս բիզնեսմեն՝ Կարապետյանն անշուշտ կստանա անհրաժեշտ աջակցություն։ Մենք մշտապես պաշտպանում ենք մեր քաղաքացիների օրինական շահերն ու իրավունքները՝ անկախ նրանից, թե որ երկրում են նրանք գտնվում»,- հայտարարեց Զախարովան։
Նա նշեց նաև, որ ստեղծված պայմանները Երևանում լրջորեն մտահոգիչ են։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Մոսկվան անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի, որպեսզի Սամվել Կարապետյանի բոլոր օրինական իրավունքները պահպանվեն։
ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ
ՌԴ–ում «Ազգ»–ի հատուկ թղթակից


