Հանրային տրանսպորտի խնդիրներին միայն տեսականորեն ծանոթ և բացառապես սեփական աշխատասենյակներից հետևող պաշտոնյաները երբեք չեն կարող սեփական մաշկի վրա զգալ ամեն օր հասարակական տրանսպորտից օգտվող քաղաքացիների զգացածը, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը՝ անդրադառնալով տրանսպորտային բարեփոխումների առաջին իսկ օրը մետրոյում գրանցված կոլլապսին։
«Այստեղ երկու բաղադրիչ կա. առաջինը մետրոյում այսօր տեղի ունեցողն է, որի պատճառները պետք է հասկանալ։ Մենք ունենք լրջագույն խնդիր, որը պետք է պետության մակարդակով լուծվի, քանի որ մետրոն կառավարությանմ ուղիղ պատասխանատվության տակ է գտնվում։
Մինչդեռ մենք խնդիր ունենք. մեր մետրոն կանգնած է կոլլապսի առաջ, այն չունի բավարար չափով վագոններ, ռելսերը վատ վիճակում են. վերազինման լուրջ կարիք կա։ Մեկ անգամ արդեն իսկ ականատես ենք եղել վթարի, որի ժամանակ, փառք Աստծո, զոհեր չեղան։ Բայց սա կարող է կրկնվել։ Բացի այդ՝ շարժակազմը թվով քիչ է, իսկ ժամանումները՝ ընդհուպ 7-8 րոպեն մեկ։
Սա լուրջ խնդիր է, և եթե մենք չկարողանանք մետրոն վերազինել, խնդիրը գնալու է վերև՝ դեպի վերգետնյա տրանսպորտ, որը ևս շարժակազմի պակաս ունի։ Բացի այդ՝ վերգետնյա տրանսպորտը պատրաստ չէ միասնական տոմսային համակարգին»,- ասաց Իզաբելլա Աբգարյանը։
Իզաբելլա Աբգարյանի խոսքով՝ լիովին պատրաստ չլինելով նոր համակարգի ներդրմանը՝ քաղաքային իշխանությունները գնացին տրանսպորտային «բարեփոխումների»՝ բացառապես ունենալով մեկ նպատակ՝ ապահովվել Telcell հավելվածի ներբեռնումը։
«Չմոռանանք, որ 2025 թվականի հունվարի 1-ից նաև քարտային համակարգ է ներդրվելու, և պարզ է, որ այդ ժամանակ մարդիկ գերադասելու են քարտով վճարել, չեն ներբեռնելու հավելվածը։ Եվ որպեսզի մինչ այդ մարդիկ ուղղակի ստիպված լինեն, սեպտեմբերից՝ մետրոյում, նոյեմբերից էլ վերգետնյա տրանսպորտում մարդկանց համար խուճապ ստեղծեցին»,- նշեց ավագանու անդամը։
Հարցին՝ քաղաքացիներն ինչո՞ւ պետք է ստիպված լինեն ուղեվարձը վճարել բացառապես Telcell համակարգով, և արդյոք սա մենաշնորհ ստեղծելու նպատակ չի հետապնդում, Իզաբելլա Աբգարյանը պատասխանեց՝ ինքը շատ լավ ծանոթ է մրցույթին՝ իր բոլոր հետևանքներով։
«Մրցույթ երկու անգամ է հայտարարվել՝ մեկը Հայկ Մարությանի օրոք։ Որևէ ընկերություն, բացի Telcell-ից, այդ մրցույթին չի մասնակցել, քանի որ պայմանները հրապուրիչ չեն եղել։ Telcell-ը միակն է եղել, որը պատրաստ է եղել սահմանված պայմաններով աշխատել։
Երկրորդ բանը, որ կարող էր լինել և պետք է լիներ, բացի Telcell-ի հավելվածից՝ նաև բանկային քարտով վճարելու հնարավորությունն էր։ Սա, չգիտես ինչու, չեն շտապում գործարկել, այնինչ կարող էին։ Այսինքն մարդկանց այժմ ստիպում են անել մի բան, սովորել մի բանի, որից, միևնույն է, հրաժարվելու են հունվարին։ Պատճառն այն է, որ մարդիկ քարտեր, փաթեթներ են վերցնելու»,- ասաց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է անձնական տվյալները մասնավոր ընկերությանը փոխանցելու պահանջին՝ Իզաբելլա Աբգարյանը նկատեց՝ ցավոք, ՀՀ ոչ բոլոր քաղաքացիներն են պատկերացնում դրանում թաքնված ռիսկերը։
«Ես ինքս չեմ ներբեռնել այդ հավելվածը հենց այդ պատճառով, որովհետև խոսքը ո՛չ բանկի մասին է, որը բանկային գաղտնիքով կապահովվի իմ տվյալները, ո՛չ էլ համայնքի կամ պետության մասին։ Իհարկե, այլ երկրներում էլ կա նույնականացում, բայց այդ տվյալները վերցնում է համայնքը, ոչ թե ինչ-որ ընկերություն։ Սա է տարբերությունը։
Իսկ մեզ մոտ նույնիսկ բաց բաժնետիրական ընկերություն է, որը հիմա էլ վաճառում է իր բաժնետոմսերը, և ցանկացած մարդ այնտեղ կարող է սեփականատեր դառնալ։ Բացի այդ՝ Telcell-ի ներկայիս սեփականատերն Իսրայելի քաղաքացի է։ Սա արդեն ազգային անվտանգության խնդիր է, այսինքն՝ ցանկացած հպում այդ սարքին պարզ է դարձնելու, թե տվյալ անձն այդ պահին որտեղ է։ Եվ այս բոլոր տեղեկությունները հասանելի են դառնալու ինչ-որ մասնավոր ընկերության»,- նշեց ավագանու անդամը ։
Վերջում Իզաբելլա Աբգարյանը պատմեց, որ իրեն մտերիմ մի մրգավաճառ օրերս ասել է, որ «մոտիկների» համար 100 դրամանոցներ է պահում և պատրաստ է թղթադրամները մանրել 100 դրամանոց կոպեկներով։
«Հասկանո՞ւմ եք՝ ուր ենք հասել։ Սա քաղաքային իշխանությունների մատնանշած վճարման «քաղաքակիրթ» ձև է»,- ամփոփեց Իզաբելլա Աբգարյանը։
Հիշեցնենք, որ այսօր մետրոյի կայարաններում հսկայական կուտակումներ են նկատվել։ Այդ մասին են վկայում մի շարք օգտատերերի նկարահանած տեսանյութերը։ Հատկանշական է, որ մինչև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հրահանգը, որ մետրոյի ուղևորները պետք է ոչ թե ժետոնով, այլ Telcell-ի սարքերից օգտվեն, մեծաթիվ հերթեր և կուտակումներ մետրոյում չեն նկատվել։ Վիճակն էականորեն փոխվել է, երբ քաղաքային իշխանությունները որոշել են ժետոնից անցնել մենաշնորհի կարգավիճակ ստացած Telcell-ին։