Հայաստանի կառավարության ղեկավարի հարցադրումներն ու բողոքներն ո՞ւմ են ուղղված. հայ ժողովրդի՞ն, որի անունից, որից մանդատ ստացածի իրավունքը թմբկահարելով՝ նա պարբերաբար հայտարարում է, թե տարածաշրջան երկարատև ու կայուն խաղաղություն է բերելու, իսկ հաջորդ պահին ասում, որ Ադրբեջանն իր պարտավորությունները չի կատարում, նոյեմբերի 9-ի համաձայնագիրն է խախտում, Հայաստանին տարածքային նոր պահանջներ է ներկայացնում, նոր էսկալացիան հավանականությունը մեծ է, և այլն։
Կառավարության այսօրվա նիստին Փաշինյանը նորից է դժգոհել Ալիևից.
«Տպավորություն է ստեղծվում, թե Ադրբեջանի պլանն է Հայաստանի և Ադրբեջանի միջև Ալմա-Աթայի հռչակագրով ֆիքսված սահմանը վիճարկելու տեղ թողնող դրույթներով խաղաղության պայմանագիր ստորագրել և հետագայում արդեն սահմանազատման և սահմանագծման գործընթացում տարածքային պահանջներ առաջադրել ՀՀ-ին:
Բաքուն ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել Երևանի հետ, որը հնարավորություն է տալիս վիճարկել հայ-ադրբեջանական սահմանը, իսկ հետո տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանին։ Նախորդ օրը սա երևաց նաև Ադրբեջանի նախագահի՝ «Եվրոնյուզին» տված հարցազրույցում՝ հայտարարելով, թե իբր Ադրբեջանը Հայաստանից տարածքային պահանջներ չունի և սահմանները որոշված չեն։
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմաններեը որոշվել են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրով և այն վերահաստատվել է Պրահայի քառակոզմ հանդիպման արդյունքներով։ Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները որոշված չեն, ի՞նչ տարածքների հարց է բարձրացնում Ադրբեջանը սահմանի տարբեր հատվածներում»։
Անդրադառնալվ Ալիևի վերջին հարցազրույցին՝ նա նկատեց․ «Իլհամ Ալիևը «Եվրոնյուզին» տրված հարցազրույցում ասաց, թե Լաչինի միջանցքը արգելափակված չէ: Այդ դեպքում ինչո՞ւ ռուս խաղաղապահները չեն ապահովում հումանիտար օգնության մուտքը Ղարաբաղ, եթե Ադրբեջանը պնդում է, որ չի արգելափակել միջանցքը»։
Կառավարության ղեկավարին պետք է ասվի՝ պարո՛ն, բանակցողը դու ես, բոլոր լիազորությունները քեզ են տրված ու այդ հարթակին մոտ գալ ոչ մեկին թույլ չես տալիս, ո՞վ է ձեռքդ բռնել, բանակցիր, լեզու գտիր «կիրթ ու կառուցողական» Ալիևի հետ Որպես ի՞նչ ես բանակցային անհաջողությունները, պարտությունները ներկայացնում Կառավարության նիստերին, բողոքում Ալիևի ծավալապաշտական նկրտումներից, ժողովրդին պատմում, թե Ադրբեջանի ղեկավարի նպատակը Հայաստանից նոր տարածքներ «քերելն է»։ Ժողովրդին պատմում ես որ ի՞նչ, հետդ գա բանակցությունների, մեջքիդ կանգնի՞։
Հայաստանը դեռ չի ունեցել իր կառավարությունից այնքան գոհ ղեկավար, որքան դու ես։ Դե այդքան լավ, լեգիտիմ ղեկավար ես, բանակցիր ու թույլ մի տուր Հայաստանը մանրադրամ դարձնեն ու ծվեն-ծվեն անեն։
Փաստորեն, այդքան ակտիվորեն թմբկահարվող Ալամթիի պայմանագրի վրա հիմնված սահմաններն էլ են կասկածի տակ դրված։ Կառավարության նիստին եկել ես, որ դա ասես։
Ու հետո՞…