Ամերիկյան մամուլ, Newsweek
Հակառակ իր պնդումներին, Ադրբեջանի հարավկովկասյան հանրապետությունը մտադիր չէ խաղաղություն հաստատել իր հարեւանների, այդ թվում նաեւ Հայաստանի հետ։ Ընդամենը մի փոքր ավելի քան մեկ տարի առաջ Ադրբեջանը պարտադրեց 120 հազար բնիկ հայերին լքել Լեռնային Ղարաբաղի իրենց վիճելի տարածքը, խորտակելով նրա երկարամյա ինքնակառավարումը եւ բնաջնջելով երբեմնի պատմական բնօրրանի հայկական բոլոր հետքերը։
Եթե Ադրբեջանը իսկապես մտադիր լիներ խաղաղություն հաստատել, նա կդադարեցներ բնաջնջել Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային եւ պատմական ներկայության ապացույցները, կհրաժարվեր բուն ինքնիշխան Հայաստանի տարածքների նկատմամբ իր շարունակական պահանջներից, կհեշտացներ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության վերադարձը իրենց պատմական հայրենիք եւ անհապաղ ազատ կարձակեր մեկ տարի առաջ գերեվարած քաղբանտարկյալներին՝ նախկին ղեկավարներին այդ ինքնավար մարզի, որին 9 ամիս շարունակ շրջափակման մեջ էր պահել՝ նախքան իր վայրագ ներխուժումը անցյալ տարվա սեպտեմբերին։
Ադրբեջանի իշխանությունը ամենաբռնակալական, ամենակոռումպացված եւ ամենաագրեսիվն է աշխարհում։ Որպես 1998-2008 թվերի Հայաստանի արտգործնախարար, որ տասնամյակներ շարունակ, միջազգային հզոր պետությունների (ինչպիսիք են՝ Մ. Նահանգները, Ռուսաստանը եւ Ֆրանսիան) աջակցությամբ բանակցել է, որպեսզի խաղաղություն հաստատվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, կոչ եմ անում աշխարհի պետություններին, որ ճնշումներ բանեցնեն Ադրբեջանի դեմ եւ ստիպեն նրան փոխել իր դիրքորոշումը։
Դրա համար, բարեբախտաբար, հնարավաորությունն ընձեռված է։ Նոյեմբերի կեսերին նախատեսված է կլիմայի փոփոխություններին նվիրված COP29 գագաթնաժողովը անցկացնել Բաքվում, մի մայրաքաղաքում, որի ընտրությունը բազմաթիվ վիճաբանությունների առիթ դարձավ, քանի որ լինելով գազ եւ նավթ արտադրող եւ արտահանող պետություն, Ադրբեջանը նպաստում է մթնոլորտի համընդհանուր աղտոտվածությանը։ Երկրի ընտրությունը բոլոր առումներով վիճելի էր, բայց ներկայիս համաժողովը հնարավորություն է տալիս աշխարհին քայլեր ձեռնարկելու։
Բաքվում բանտարկվածները՝ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը եւ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, բոլորն էլ օրինական ներկայացուցիչներն են մի ժողովրդի, որ ինքնորոշման էր ձգտում միջազգային իրավունքի դրույթներին համապատասխան։
Մի՞թե աշխարհի պետությունները տարիներ շարունակ ահաբեկիչների եւ հանցագործների հետ էին բանակցություններ վարում, ինչպես Բաքուն է ներկայացնում այժմ։ Իհարկե ոչ։ Վերոնշյալ անձնավորությունները կարող են համեմատվել Կոսովոյի Իբրահիմ Ռուգովայի, կամ արեւելյան Թիմուրի Խոսե Ռամոս-Հորտայի հետ, որոնք խաղաղ միջոցներով պայքարում էին իրենց ժողովուրդների ինքնորոշման իրավունքները պաշտպանելու համար։ Հայ ղեկավարներին ազատազրկելը քաղաքական մեքենայություն է լռեցնելու հայկական դատը, ինչը միջազգային իրավունքի լուրջ խախտում է եւ մարտահրավեր՝ նետված միջազգային դիվանագիտական գործընթացի օրինականությանը։
Մինչ Ադրբեջանը Խորհրդային Միության հանրապետություններից մեկը դառնալով ձգտում էր գերիշխանություն հաստատել նաեւ Լեռնային Ղարաբաղի իննքնավար մարզում, վերջինս հայաշատ բնօրրան էր դարեր շարունակ եւ իրավունք ուներ կայացնելու իր ինքնորոշման իրավունքը։ Այդ իրավունքից օգտվելու Լեռնային Ղարաբաղի բնակչության որոշումը Խորհրդային Միության փլուզման վերջին տարիներին առաջացրեց Ադրբեջանի անզիջում հակադարձությունը, որը հետագայում վերածվեց լիակատար հակամարտության։ Պատերազմական իրավիճակը ի վերջո ավարտվեց 1994-ին կնքված հրադադարով, որն էլ թույլ տվեց մարզին հաստատել ինքնիշխանություն։ Մոտ երեք տասնամյակ Լեռնային Ղարաբաղը դե ֆակտո պահպանեց իր անկախ կարգավիճակը՝ ժողովրդավարության եւ մարդու իրավունքները հարգելու սկզբունքների վրա հիմնված պետականություն կառուցելու վճռականությամբ։
Մ. Նահանգների, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի համանախագահությամբ անցկացվող բանակցությունները նպատակ էին հետապնդում վերջնական լուծում գտնել հակամարտությանը, հաստատել խաղաղություն, ճանաչել եւ հարգել մարդու եւ միջազգային իրավունքների դրույթները։ Բայց 2020-ին Ադրբեջանի ագրեսիան թեժացրեց իրավիճակը եւ կարճատեւ պատերազմի հետեւանքում այդ պետության իշխանությունը կարողացավ նվաճել անկլավի շրջակա տարածքների մեծ մասը։ Երեք տարի անց, մերթ ընդ մերթ շարունակվող բախումներից հետո, Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա, իրականացրեց էթնիկ զտումներ եւ առեւանգեց ինքնավար տարածքի ղեկավարներին։ Դա էլ մեզ բերեց այսօրվա արտառոց իրավիճակին, որտեղ բռնապետ Իլհամ Ալիեւի իշխանությունը, որ բոլոր միջազգային ժողովրդավարական հարթակներում (ինչպիսին է, օրինակ, Freedom House-ը) ամենավերջին հորիզոնականն է զբաղեցնում, դառնում է COP29 համաժողովի հյուրընկալը։ Սա խորհրդանշում է միջազգային դիվանագիտության մեջ առկա բարոյական հակադրությունները։ Որպես նավթ եւ գազ արտադրող առաջատար երկիր, Ադրբեջանը մեծապես օգտվում է հանածո բնական պաշարներից, որն էլ կլիմայի փոփոխությանը նպաստող արդյունաբերություն է։ Սակայն հենց նրան էլ վստահվել է հյուրընկալել կլիմայական աղետները նվազեցնելու միջազգային համաժողովի անցկացումը։ Շրջակա միջավայրի վերաբերյալ այս երկերեսանիությունը ինքնին աղաղակող սխալ է, բայց փաստն այն է, որ կլիմայական ստահակներին սեղանի շուրջ են նստեցնում եւ թույլատրում հյուրընկալել պատվիրակություններին։ COP28-ին, չմոռանանք, հյուրընկալել էր Արաբական Միացյալ Էմիրությունները։
Բոլորն էլ համաձայն կլինեն, որ Ադրբեջանը չի կարող խուսափել Լեռնային Ղարաբաղում կատարած մարդու իրավունքների խախտումներից։ Թույլատրել, որ Ադրբեջանը հյուրընկալի COP29 համաժողովը առանց պատժիչ գործողությունների, կնշանակի աչք փակել իր գործած վայրագությունների առաջ։ COP29-ը իրոք հրաշալի առիթ է գործելու։
Համաշխարհային հասարակությունը եւ հատկապես Մ. Նահանգների նման խոշոր պետությունները պարտավոր են պահանջել, որ Ադրբեջանը ազատ արձակի հայ քաղբանտարկյալներին եւ քաղաքական առաջնորդներին, որոնց նա անօրինաբար ազատազրկել է։ Նրանք, այդ պետությունները, պետք է պատրաստ լինեն բոյկոտելու համաժողովը, կամ եթե մերժում են այս առաջարկը, ապա առնվազն համեմատաբար ցածր մակարդակի պատվիրակություններ ուղարկել՝ մասնակցելու գագաթնաժողովին։
Ադրբեջանը գիտակցում է, որ ազատազրկվածները հանցանք չեն գործել, բայց չի ակնկալում, որ իր բլեֆը բացահայտվի։ Վախ կա, որ Բաքուն հատատակամ կմնա իր դիրքորոշման մեջ։ Առավել մեծ կլինի վտանգն այն ժամանակ, երբ պետություններ եւ ոչ կառավարական կազմակերպություններ զորավիգ կանգնեն նրան։ Դա, ինչ խոսք, կվերակենդանացնի բռնապետներին եւ անբարեխիղճ մյուս դերակատարներին ամենուրեք։
Իմ այս կոչը չի վերաբերում միայն արգելափակված հայերին։ Վերջին ամիսներին, Ադրբեջանի իշխանությունները բանտարկել են տասնյակ լրագրողների եւ ակտիվիստների, որպեսզի վստահ լինեն, որ համաժողովի ընթացքում քննադատական խոսքեր չբարձրաձայնվեն։ Նրանք էլ պետք է ազատ արձակվեն։
Ճիշտ չի լինի, երեւի, այժմ փոխել կարեւոր մի համաժողովի անցկացման վայրը, բայց կարելի է գտնել այլընտրանքային լուծումներ կամ ձեւաչափեր՝ հետագայում կլիմայի վերաբերյալ խոսակցությունները շարունակելու համար։ Դրանցից մեկը կարող է լինել, օրինակ, վեցամսյա հաճախականությամբ անցկացնել համաժողովը աշխարհի ամենատարբեր ժողովրդավարական պետություններում, որոնցում ճանաչում եւ հարգում են մարդու ամենատարրական իրավունքները։
Չի կարելի ժխտել, որ կլիմայի փոփոխություններին նվիրված քննարկումները կարեւոր եւ անհրաժեշտ են, սակայն մենք պարտավոր ենք վստահ լինել, որ մարդու իրավունքների պաշտպանության հարցերն ու մթնոլորտային աղտոտվածության խնդիրները չբացառեն մեկը մյուսին։ Կլիմայի փոփոխությունների դեմ պայքարը պետք է առաջ տանել բարոյական անաչառության մթնոլորտում։ Աշխարհը ի՛նքը պետք է հաստատակամ լինի այս հարցում եւ չթողնի, որ Ադրբեջանը շահագործի կլիմայի վերաբերյալ օրակարգը որպես PR վահանի, շարունակելով միաժամանակ ճնշել հայերին, լռեցնել օրինական քաղաքական շարժումներին ու ակտիվիստներին եւ կալանավորել քաղբանտարկյալներին։
Ժամանակը սպառվոմ է։ COP29-ը արագ քայլերով մոտենում է, եւ աշխարհը հնարավորություն ունի ցույց տալու իր իսկական պարտավորվածությունը՝ հիմնված մարդու իրավունքների, օրենքի գերիշխանության եւ ինքնորոշման սկզբունքների պաշտպանության գործողությունների վրա։ Մ. Նահանգները, Եվրոմիությունը եւ մյուս ժողովրդավարական ինստիտուտները պետք է առաջապահ դիրքերում լինեն եւ COP29-ը օգտագործեն որպես հարթակ՝ պահանջելու բանտարկյալների ազատ արձակումը։ Նրանք պետք է բարձրաձայնեն այդ մասին եւ ամենակարեւորը՝ պետք է գործեն։
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ
ՀՀ նախկին արտգործնախարար
Սիվիլիտասի հիմնադիր
Անգլ. բնագրից թարգմ.
ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
(Newsweek, 9-ը հոկտեմբերի)