Ռուսական կողմը մշտապես հայտարարում է, որ իր համար կարևոր են Հայաստանի հետ հարաբերությունները, այնպես որ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հայտարարությունն այս առումով սկզբունքորեն նոր երանգներ չի պարունակում։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Դավիթ Հարությունովը՝ անդրադառնալով դիվանագետի այն հայտարարությանը, որ հայ-ռուսական հարաբերությունները ամրության փորձարկման բարդ փուլ են ապրում, սակայն Մոսկվայում հստակ քաղաքական կամք կա Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա խնդիրները լուծելու համար։
Ըստ մեր զրուցակցի՝ արձագանքելով Հայաստանի իշխանությունների հակառուսական հայտարարություններին՝ ռուս պաշտոնյաները խիստ չափավոր են արտահայտվում։
«Արձագանքը, որպես կանոն, զգույշ է լինում։ Ժամանակին, օրինակ, ակնկալվում էր, որ պատժամիջոցներ կարող են լինել, բայց մենք տեսնում ենք, որ եթե այդպիսիք անգամ կան, ապա շատ սահմանափակ բնույթ են կրում։ Դա պայմանավորված է հետևյալով. ռուսները հասկանում են, որ եթե կոշտ արձագանքեն, հարաբերություններն ուղղակի ավելի կվատացնեն։ Իսկ Ռուսաստանին դա հիմա պետք չէ, որովհետև, ինչպես տեսնում ենք, նրա դիրքերն առանց այդ էլ թուլանում են։ Ռուսական դիվանագետական հայտարարությունները հենց այդ տրամաբանության մեջ են ձևակերպվում»,- նշեց Դավիթ Հարությունովը։
Քաղաքագետը միաժամանակ նշեց՝ իր կարծիքով արդեն այժմ հայ-ռուսական հարաբերություններում որոշակի կայունացում կա. հայկական կողմը վերջին շրջանում կոշտ հայտարարություններ չի հնչեցնում, ռուսական կողմից ևս սուր ռետորաբանության նվազում կա։
«Կարծում եմ՝ նոր ինչ-որ մոդել է ձևավորվում, որի շրջանակներում հայկական կողմն անվտանգային հարցերում, ռազմական հարցերում առավել ակտիվ աշխատում է Արևմուտքի և Հնդկաստանի հետ։ Ռուսաստանի հետ այդ հարաբերությունների մակարդակն իջեցվել է։ Իհարկե, ոազմաբազան պահպանվում է, բայց անվտանգային հիմնական կողմնորոշումը Արևմուտքի կողմն է։ Բայց միևնույն ժամանակ տնտեսության ոլորտում հարաբերությունները պահպանվում են, բարձրաստիճան պաշտոնյաներ են մեկնում Մոսկվա։ Կարծում եմ՝ այս տարբերակն ինչ-որ ժամանակ կպահպանվի»,-նշեց քաղաքագետը։
Ըստ Հարությունովի՝ իրավիճակը կարող է փոփոխվել մի քանի գործոնների ազդեցության ներքո։ Դրանցից առաջինը կարող են լինել հայաստանյան ներքաղաքական գործընթացները, եթե հայկական կողմը շարունակի որոշակի պրոցեսներ վերագրել ռուսական կողմին։ Մասնավորապես, եթե սուր ճգնաժամեր լինեն, հակառուսական հռետորաբանության ուժգնացում ևս կարող է լինել։
Երկրորդ պատճառը, ըստ մեր զրուցակցի, կարող է լինել ուկրաինական կոնֆլիկտի ընթացքը։
«Եթե ռուսական կողմը կարողանա այդ իրավիճակից ինչ-որ կերպ դուրս գալ, կարող է առավել ակտիվանալ և փորձել դիրքերը վերականգնել մեր տարածաշրջանում։
Երրորդ գործոնը կարող են լինել Թուրքիան և Ադրբեջանը, որովհետև չի բացառվում, որ վերջիններից Հայաստանի ուժեղ կախվածությունը Ռուսաստանին թույլ չտա մրցակցել նրանց հետ» ,- ասաց քաղաքագետը։
Անդրադառնալով ռռուսաստանահայ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելելու թեմային՝ մեր զրուցակիցը հիշեցրեց, որ տարիներ առաջ վերջինիս մուտքը ՀՀ կրկին արգելվել է. նրա անունը եղել է մի շարք ռուս գործիչների ցանկում, որոնց թույլ չեն տվել հատել Հայաստանի սահմանը։
«Այս առումով որակապես նոր բան չկա»,- ամփոփեց Դավիթ Հարությունովը։