Ուղիղ 2 ամիս է անցել սեպտեմբերի 21-ից՝ այն օրվանից, երբ 44-օրյա պատերազմում զոհված զինվորների հարազատները Եռաբլուրից բերման ենթարկվեցին։
Նրանք այսօր եկել էին Քննչական կոմիտե՝ հարուցված քրեական գործերի ընթացքի մասին պատասխան պահանջելու։
«Տեսանյութերում, լուսանկարներում պարզ երևում է, որ ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ծնողների նկատմամբ, նրանցից 5-ը մարմնական վնասվածքներ են ստացել։ Դատաբժշկական փորձաքննության արդյունքները հանձնվել են Քննչական կոմիտե, որպեսզի գործ հարուցվի նրանց նկատմամաբ բռնի ուժ կիրառած ոստիկանների նկատմամբ։
37 ծնող տուժող էր ճանաչվել։ Նրանք հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել։ Նրանցից 20-ին հարցաքննության կանչելուց հետո, իրենց ասելով՝ մյուսներին չեն կարողացել գտնել-կանչել։ Երկու ամիս է՝ գործը ձգձգվում է»,- ներկայացրեց զոհված զինվորի հայրը։
Որոշ ժամնակ անց ծնողների փոքր թվով պատվիրակությունը բարձրացավ Քննչական կոմիտե։ Բանակցությունների արդյունքում ծնողներից մեկը՝ Վիգեն Ազատյանը, պատմեց հետևյալը. «Վարչության պետ Իվանյանն ասաց, որ լրատվականների ներկայությամբ չի կարող հանդիպել մեզ հետ։ Կարող եմ ասել՝ դա պատվեր է, թե ում կողմից՝ մոտ օրերս պարզ կդառնա։ Որոշվեց, որ մեր փաստաբանը գրավոր ՔԿ-ին կներկայցնի հարցերը, եռօրյա ժամկետում ՔԿ-ն պարտավոր է դրանց պատասխանել։ Պատասխանը կներկայացվի լրատվամիջոցներին, որպեսզի հանրությունը լիարժեք տեղյակ լինի, թե ինչ է կատարվում։ Մանրամասն պետք է ներկայացվի՝ ում են ձերբակալել, ում նկատմամբ է գործ հարուցվել։ Այս պահին 20 ծնող տուժած է ճանաչվել»։
Նիկոլ Փաշինյանին դավաճանության գործով ձերբակալելու հարց ՔԿ-ում Վիգեն Ազատյանը չի տվել, որովհետև կարծում է, որ առանց զլմ-ների ներկայության, նման խոսակցություններ վարելը ճիշտ չէ։ Պետք է լրատվամիջոցների ներկայությամբ հնչեն բոլոր հարցերն ու պատասխանները։
ՔԿ-ն խոստացել է գրավոր պատասխանել, թե սեպտեմբերի 21-ին, Եռաբլուրից բռնի ուժով ծնողներին բերման ենթարկած ոստիկաններին ուղղված հանցագործության մասին հաղորդումներն ինչ ընթացք են ստացե, գործը որ փուլում է։
Ծնողները վստահ են, որ իրենց նկատմամբ բռնի ուժ կիրառելու հրաման տվել է ոչ թե ոստիկանության ղեկավարը, այլ Նիկոլ Փաշինյանը։