Մասիս համայնքի ղեկավար, ընդդիմության՝ վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը Երևանում է։
Ամենայն հավանականությամբ նրան հենց օդանավակայանից կկալանավորեն։ Հայտնի չէ, թե նրան որ դռնից են հանելու։ Ժամը 19։20-ի սահմաններում նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել։
Օդանավակայան են բերվել ոստիկանության մեծաթիվ ուժեր, որոնք այս պահին էլ համալրվում ու համալրվում են։
Մի քանի ժամ առաջ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում սկսել է են հավաքվել Դավիթ Համբարձումյանի աջակիցները։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին Երևանի քրեական դատարանը (դատավոր Ժորա Չիչոյան) հրապարակեց դատավճիռ, որով Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին դատապարտեց 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման:
Վերացվել է գրավը, որպես խափանման միջոց` կիրառել է կալանքը:
Ըստ մեղադրանքի՝ Դավիթ Համբարձումյանը Նիկոլ Փաշինյանի գլխավորած «թավշյա հեղափոխության» օրերին՝ 2018թ․ ապրիլի 22-ին, Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում մի խումբ անձանց հետ դիտավորյալ խախտել է հասարակական կարգը։
Նույն օրը՝ ժամը 19։00-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով դեպի նշված հրապարակ երթ կազմակերպած մասնակիցների նկատմամբ նախապես իրենց հետ վերցված զենքի և որպես զենք հանդիսացող առարկաների գործադրմամբ բռնություն գործադրելով և գույքը ոչնչացնելով։ Հետաքրքիր է այն հանգամանքը, որ այս դեպքերից հետո՝ 2018-ի նոյեմբերի 1-ին, Հայաստանում համաներման մասին օրենք է ընդունվել, համաձայն որի՝ համաներում կիրառելով՝ պատժից ազատվում են օրենքի ուժի մեջ մտնելու դրությամբ մինչև 6 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված երեք կամ ավելի անչափահաս երեխա ունեցող անձինք։
Իսկ Դավիթ Համբարձումյանը 4 անչափահաս երեխա ունի։
Եթե դատարանը նրա նկատմամբ պատիժ նշանակեր ոչ թե 6 տարի 3 ամիս, այլ մինչև 6 տարի ժամկետով ազատազրկումը, ապա նա համաներմամբ կազատվեր պատժից։
Դավիթ Համբարձումյանը 2025 թվականին կալանավորվում է 2018 թվականի «թավշյա և ոչ բռնի» հեղափոխությանը դիմակայելու, ընդվզելու համար։
Օդանավակայանի սպասասրահում է Դավիթ Համբարձումյանի ընտանիքը՝ կինը՝ Քրիստինե Հակոբյանը, 4 երեխաները, ծնողները։
Քրիստինե Հակոբյանը վստահ է, որ սա քաղաքական հետապնդում է։
«Դավիթը Մոսկվայում էր՝ գործուղման։ Հենց իմացավ դատավճռի մասին, հայտնեց, որ վերադառնում է։ Նա ոչ մի անօրինականություն չի արել, սա քաղաքական հետապնդում է։ Եթե Դավիթին 6 տարով կալանավորելու որոշում կայացվեր, նա համաներմամբ ազատ կարձակվեր։ Դիտավորյալ 3 ամսին ավելացրել են, որ նրան կալանավորեն ու բանտարկեն»,-ասել է կինը։





