Անհետ կորածների ողբերգությունը Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիայի ծանր հետևանքներից մեկն է. Բաքվում ընթացող «Անհետ կորածների խնդրի լուծում» միջազգային համաժողովին իր ելույթում ասել է Ադրբեջանի նախագահ Ալիևը։
Մեջբերում ենք նրա ելույթից մի հատված. «Ղարաբաղյան առաջին պատերազմի արդյունքում ավելի քան 30 տարի անհետ կորած է համարվում մինչև 4000 ադրբեջանցի։ Նրանց թվում կան նաև խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ և կանայք։ Իսկ 2020 թվականի Հայրենական պատերազմում անհետ կորել է Ադրբեջանի 6 քաղաքացի։
Մեր հողերը օկուպացիայից ազատագրելուց հետո ի հայտ եկած նոր փաստերը ևս մեկ անգամ հաստատեցին ականատեսների ցուցմունքները անհայտ կորած ադրբեջանցիների նկատմամբ իրականացված վայրագությունների մասին։ Այս տարածքներում հայտնաբերված զանգվածային գերեզմաններում արտաշիրիմման աշխատանքների արդյունքում անհերքելի ապացույցներ են հավաքվել առ այն, որ Հայաստանի կողմից գերեվարված և պատանդ վերցված անձինք սպանվել են, ենթարկվել խոշտանգումների, բռնությունների և անմարդկային վերաբերմունքի»։
Ինչպես տեսնում ենք, Ալիևը Հայաստանին նոր մեղադրանքներ է ներկայացնում, կամ՝ հին մեղադրանքները նորոգում, թարմացնում է, որովհետև Հայաստանից ոչ մի հակադարձում,հակափաստարկ չի ներկայացվում։
Բաքուն հերթական հարձակումն է գործում՝ ասպարեզ նետելով նոր թեմաներ ու բողոքներ։
2020 թվականի պատերազմից հետո 300-ից ավելի անհետ կորածներ ունենք, որոնց մասին Բաքուն միտումնավոր կերպով ոչ մի տեղեկություն չի տալիս Հայաստանին։ Գերեվարվածների ստույգ թիվ էլ չկա. այդ տեղեկությունը ևս թշնամի երկիրը չի տրամադրում մեզ, բայց հեքիաթներ է հյուսում ու տարածում 30-35 տարի առաջ տեղի ունեցած արցախյան պատերազմի՝ իբր զանգվածային գերեզմանների, դրանց ոչնչացման, անհետ կորած ադրբեջանցիների մասին։ Այսպիսով Բաքուն ոչ միայն խուսափում է միջազգային կոնվենցիաների կատարումից, դեռ մի բան էլ ավելին՝ գերիներին չվերադարձնելը, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին ապօրինաբար բանտարկված պահելն «արդարացնելու» համար շահարկում է 35 տարի առաջ իր «անհետ կորածների» թեման։