ԱՄՆ-ի պատմության ամենակործանարար անտառային հրդեհներից մեկը, որն այս շաբաթ արդեն ավերել է Լոս Անջելեսի որոշ հատվածներ, քամիների պատճառով փոխել է ուղղությունը, ինչի հետևանքով 153.000 մարդ անհապաղ տարհանվել է, ևս 166.000-ը նախազգուշացվել է` լքելու իրենց տները:
Անցյալ երեքշաբթի Լոս Անջելեսի տարածաշրջանում բռնկված հրդեհներն ընդգրկում են 15 հազար հեկտար։ Տեղայնացվել է ևս երեք բռնկում։
Տասնյակ հազարավոր մարդիկ արդեն ստիպված են եղել լքել իրենց տները։ Հրդեհի հետևանքով լրջորեն վնասվել կամ ամբողջությամբ ավերվել է 12 հազար շինություն։
Կիրակի առավոտյան, ըստ քաղաքային իշխանությունների, զոհերի թիվը հասել է 16-ի:
Հրդեհն ընդգրկել է քաղաքի նոր տարածքներ, երբ կարճատև դադարից հետո ուժգին քամիները վերսկսվել են:
Կարող է շաբաթներ տևել հրդեհը մարելու համար. կարծում է Եվրոպական անտառային ինստիտուտի անտառային հրդեհների հարցերով փորձագետ Լինդոն Պրոնտոն:
Արտակարգ իրավիճակների ծառայությունները զգուշացնում են, որ դրությունը շարունակում է մնալ խիստ վտանգավոր։
«Առաջիկա օրերին քամիները կրկին կուժեղանան», – ասել է Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալության (FEMA) ղեկավար Դին Քրիսվելը:
Իշխանությունները նշում են, որ դեռևս չեն կարող ասել հրդեհների պատճառները:
Անտառային հրդեհները տեղի են ունենում բնական ճանապարհով։ Գիտնականներն ասում են, որ մարդու միջամտությամբ առաջացած կլիմայի փոփոխությունը զգալիորեն ազդում է եղանակի և հրդեհների դինամիկայի վրա:
Լոս Անջելեսի բնակիչների շրջանում աճում է դժգոհությունը իշխանությունների գործողություններից և նման աղետներին անպատրաստ լինելուց։
Նախօրեին Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմն ասել էր, որ կհրամայի անկախ հետաքննություն անցկացնել արտակարգ իրավիճակների ծառայությունների աշխատանքի վերաբերյալ։
Մասնավորապես, հրդեհի բռնկման առաջին ժամերին պարզ է դարձել, որ այն մարելու համար ջրի բավարար պաշարներ չկան։ Նահանգապետի խոսքով՝ սա շատ մտահոգիչ է, եւ նախաքննության ընթացքում պետք է շատ հարցերի պատասխաններ տրվեն։
Լոս Անջելեսի հրշեջների ղեկավար Քրիստին Քրոուլին մատնանշում է ծառայության վերջին ֆինանսավորման կրճատումները:
Նա ասել է, որ իր ղեկավարած բաժինը թերի ռեսուրսներ ու թերի անձնակազմ ունի։
Թալանի մասին տեղեկությունների ֆոնին տարհանված գոտիներում պարետային ժամ է սահմանվել։ Հաղորդվում է տասնյակ ձերբակալությունների մասին։
Որոշ շրջաններում բնակիչներն իրենք են ստեղծել զինված պարեկային խմբեր՝ տարածքը պաշտպանելու համար: