Գործադիրը հուլիսի 28-ի նիստին կրթության զարգացման՝ մինչեւ 2030 թ. պետական ծրագիրն է հաստատել: ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը բացատրել է անհրաժեշտությունը.
«Կրթության ոլորտի զարգացման վերջին պետական ծրագիրն ընդունվել է 2011թ., և ժամանակի հրամայական է կառավարության կողմից գերակա ճանաչված մարդկային կապիտալի զարգացման հայեցակարգային դրույթների ամրագրումը ռազմավարական պլանավորման փաստաթղթում»:
Ծրագրի վերջնանպատակն էլ սա է ՝ ձևավորել ազգային և համամարդկային արժեքների վրա հիմնված, ՀՀ զարգացմանը միտված արդյունավետ և մրցունակ կրթական համակարգ:
Փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը, որ վարել է նիստը, ասել է, որ առաջիկայում փաստաթուղթը կքննարկեն խորհրդարանում, վարչապետը նույնպես կանդրադառնա նախագծին ու կրթության ռազմավարությանը:
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն էլ է շտապել կարծիք հայտնել.
«Առաջին հայացքից այն մարդը, ով պատահական վերցնի այս փաստաթուղթը և կարդա, կմտածի, որ 8 տարվա ընթացքում բավական բարդ է այս նպատակներին հասնելը: Բայց վերջին 4 տարում կրթության ոլորտում արվող քայլերին ծանոթ մարդը կհասկանա, որ մենք շատ ուղղություններով արդեն բավական աշխատանք կատարել ենք և առաջ ենք գնացել: Ըստ էության, այս փաստաթղթում մենք ամփոփել ենք և դարակներում շարել ենք բոլոր ուղղություններով արվող աշխատանքը և ամփոփ մեր տեսլականն ենք ներկայացնում, թե 2030 թվականին ինչ պատկեր ենք ունենալու»:
Զարմանալի է, որ Հարությունյանը ոչ առանց հպարտության է արտաբերել այս տեքստը: Իսկ ինչ-որ մեկը վարչապետի աշխատակազմի ղեկավարին կամ գործադրի մյուս անդամներին տեղեկացրե՞լ է, որ այս տարվա բուհական ընդունելության քննություններին չափազանց տխուր պատկեր է գրանցվել. միասնական քննություններից կտրվել է 3076 դիմորդ՝ ընդհանուր մասնակիցների 30 տոկոսը, բուհերում թափուր է մնացել ավելի քան 15 հազար տեղ: