Կարմիր Մոսկվայի կողմից մեկ դար առաջ որպես մեր տարածաշրջանի ու Հայաստանի գլխին պատուհաս «ստեղծված» Ադրբեջանի պատմաբանները հիմա էլ բարբաջում են բռնազավթած Գանձասարի մասին։
«Երկար տարիներ ադրբեջանցի և օտարերկրյա ակադեմիական հետազոտողները ուսումնասիրում են Գանձասարի վանքի Հայաստանի կողմից կեղծելու փաստերը և դրա արձանագրությունները։ Հավաքված փաստերի հիման վրա տպագրվել են բրոշյուրներ և հոդվածներ։ Հետազոտության ընթացքում հայտնի է դարձել, որ Գանձասարի վանական համալիրը հայերը կեղծել են 170 տարվա ընթացքում, մի քանի փուլով»,- Գանձասարի վանական համալիրի հարցով «Կովկասյան բյուրոյին» բողոք է հայտնել ադրբեջանցի պատմաբան Ռիզվան Հուսեյնովը։
Ինչպես Արցախի քրիստոնեական ամբողջ ժառանգությունը, այնպես էլ Գանձասարի վանական համալիրն ադրբեջանցիները հռչակում են իբր իրենց քրիստոնյա նախնիների՝ աղվանների ստեղծածը։
Ահա ինչ է զառանցում այս Հասեինովը.
«Ցարական Ռուսաստանի ժամանակաշրջանում, երբ այս աղվանական վանքն անցավ Էջմիածնի ձեռքը, ապա 19-րդ դարի երկրորդ կեսին, 20-րդ դարի սկզբին և վերջապես օկուպացիայի ժամանակաշրջանում, հայերի հիմնական թիրախը եղել է վանքի վիմագրությունը (միջնադարյան արձանագրությունները)։ Այս արձանագրությունները ապացուցում էին, որ վանքը կառուցել է աղվան տիրակալ Հասան Ջալալը։
Այս բոլոր հին արձանագրությունները վերամշակվել են հայերի կողմից։ Սակայն ադրբեջանական կողմը պահպանել է Գանձասարի վանքի բնագիր արձանագրությունների լուսանկարները, որոնք թույլ կտան վերականգնել այս համալիրի զգալի մասը»,- հայտարարել է ադրբեջանցին։
Հնագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Արցախի պատմամշակութային ժառանգության գիտակ Համլետ Պետրոսյանն ադրբեջանցուն պատասխանում է.
Գանձասարի արձանագրություններում տառ անգամ փոխած չէ, ասենք անգրագետ Հուսեինովին (https://t.me/Caucasian_bureau/65717…), որ հազիվ թե տարբերակում է հայերեն տառերը:
Ուղղակի պատուհանից հոսող անձրևաջրերի հետևանքով արձանագրության կենտրոնկան հատվածը խամրել է:
Ահա արձանագրության նույնական տեքստը, ահա լուսանկարը և ահա մեր կայքում տեղադրած հոդվածը (այն եռալեզու է):
«Ես, նուաստ ծառա Ա[ստուծո]յ Ջալայ(լ) Դաւլ|այ Հասան, որդի Վախտանգա, թոռն Մեծին |Հասանա, բնակաւոր ինքնակալ բարձր |եւ մեծ Արցախական աշխարհի, ի Խ[աւխ|անա]բերդի՝ յոքնասահման նահա[ն]|գաւք: Զի հայր իմ ի վախճան կենաց ելից |իւր աստեացս անդարձ՝ կտակի հա|ստատեաց ինձ եւ մաւրն իմ Խորիշահի, որ էր |դուստր մեծ իշխանաց իշխանին |Սարգսի՝ զի շինեսցուք եկեղեցի ի գերեզ|մանատան հարց մերոց ի Գանձասար, |զոր սկսե[ա]լ մեր :ՈԿԵ: (1216) թվին հայոց աւգնութ[եամ]բ բարեր|արին: Եւ ի խփել լուսամտին արեւել|ից մայրն իմ կրաւնաւորեալ չոգաւ յԵ[րուսաղե]մ եր|րորդ անգամ եւ անդէն ի դրան Յարու|թե[ան] խարազանազգեաց ճգնութ[եամ]բ, բազմամեա |ժուժկալութ[եամ]բ հանգեաւ ի Ք[րիստո]ս լուսո վ|կաութ[եամ]բ եւ անդէն պահեցաւ: Իսկ մեր զբ[ա]զմ|ածուփ կիրս կենցաղոյս ի մտի եդ|եալ փոյթ գործո արարեալ աւարտումն եղ|եւ շնորհաւք ողորմութ[եամ]բ ամենայ|գութ Տ[եառ]ն :ՈՁԷ: (1238) թվի՝ գաւտեւորեալ ամենա|զան ձեւով, պատկերազան, յաւ[րի]նակերտ, գմբեթարդ [յ]աւրինուածաւք, յա[ւ]ժար|ութե[ամբ] կամաց մերոց, որպէս տեսանէ| Ա[ստուա]ծ» (հմմտ․ ԴՀՎ 5, 38, հմմտ. Ուլուբաբյան 1981, 87-88):
Պատմություն ու կենսագրություն չունեցող, մեկ դար առաջ ինչ-որ կերպ առաջացած Ադրբեջանի «պատմաբանների» լեզուն շատ է երկարել։ Բայց իրենք էլ գիտեն, որ ցանկացած կեղծված փաստ հայկական կողմը երկու րոպե հետո կարող է մերկացնել։
Հուսեինով, քո ի՞նչ բանն է խորանալ հայկական բազմադարյա եկեղեցիների արձանագրությունները վերծանելու մեջ։