Արցախի առաջին և երկրորդ գումարման խորհրդարանների պատգամավոր, Արցախյան շարժման ակտիվիստ Աշոտ Սարգսյանն Azg.am-ի ընթերցողների հետ կիսվում է 1991 թվականի դեկտեմբերի 10-ի՝ ԼՂՀ անկախության հանրաքվեի օրվա իր հիշողություններով ու տպավորություններով։
Դրանք ներկայացնում ենք ստորև՝ առանց խմբագրման։
«Արցախյան ազգային-ազատագրական շարժման պատմության մեջ 1991թ. առանձնանում է դեռևս չբացահայտված մի շարք իրադարձություններով, մասնավորապես, Մայր Հայաստանի հետ վերամիավորումից հրաժարման և անկախ պետություն հռչակելու իրական պատճառները, պատասխանատու անձինք:
Հայտնի է, որ 1991 թ. ապրիլ-օգոստոս ամիսներին Ադրբեջանի ՆԳՆ Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատները և ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի և 4-րդ բանակի ստորաբաժանումների հետ համատեղ, նախաձեռնել ԼՂԻՄ-ի և Ադրբեջանի հայկական բնակավայրերի տեղահանման լայնամասշտաբ ռազմական «Կոլցո» (Օղակ) գործողությունը: Արդյունքում ամբողջովին հայաթափվել և ավերվել է Հյուսիսային Արցախը, Շահումյանի, Հադրութի և Շուշիի շրջանների 24 գյուղ, տեղահանվել են մոտ տաս հազար մարդ, ավելի քան 100 մարդ սպանվել է, հարյուրավոր մարդիկ պատանդ են վերցրել:
1991թ. օգոստոսի 30-ին Ադրբեջանի Միլի Մեջլիսը ( խորհրդարանը) ընդունել է պետական անկախության մասին հռչակագիր:
1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջան, որն ընդունել է. «Հռչակագիր ԼՂՀ հռչակման մասին»:
1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը հռչակել է իր անկախությունը:
1991թ. հոկտեմբերին 18-ին Ադրբեջանը ընդունել է պետական անկախության մասին սահմանադրական ակտը:
1991թ. դեկտեմբերի 10-ին ԼՂՀ-ում անցկացվել է հանրաքվե պետական անկախության վերաբերյալ: Այդ օրը պատահական չի ընտրվել: 1948 թ. դեկտեմբերի 10-ին Փարիզում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվել է «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը»:
Հանրաքվեի նախապատրաստումը, անցկացումը և արդյունքների ամփոփումն իրականացվել էին` համապատասխան «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրաքվեի անցկացման մասին ժամանակավոր կանոնակարգի», որն ընդունվել էր 1991 թ. նոյեմբերի 27-ին ԼՂՀ Ժողովրդական պատգամավորների խորհրդի նիստի ընթացքում։
Նիստին հաստատվել էր նաև հանրաքվեի անցկացման օրը։
Ընտրելու իրավունք ունեցող 132 328 հոգուց քվեարկությանը մասնակցեց 108 736-ը (82,2 %),
անկախությանը «կողմ» քվեարկեց 108 615 (քվեարկողների 99,89 %-ը), «դեմ»՝ 24 (0,02 %) հոգի, 96 քվեաթերթիկ անվավեր ճանաչվեց:
ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանրաքվեի անցկացման համար անհրաժեշտ պայմաններ էր ստեղծել հանրապետության ամբողջ տարածքում, ներառյալ նաև ադրբեջանաբնակ բնակավայրերը: Մասնավորապես, հեռագիր էր ուղարկվել Շուշիի շրջանի ղեկավարությանը՝ շրջանի ադրբեջանական բնակչության մասնակցությունը հանրաքվեին կազմակերպելու խնդրանքով: Հանրապետության ադրբեջանաբնակ վայրեր էին ուղարկվել քվեաթերթիկներ:
Քվեաթերթիկները կազմված են եղել հայերեն, ադրբեջաներեն և ռուսերեն լեզուներով: Քվեաթերթիկում եղել է հետևյալ հարցը. «Համաձա՞յն եք Դուք, որպեսզի հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի անկախ պետություն, ինքնուրույն որոշելով համագործակցության ձևը ուրիշ պետությունների և ընկերակցությունների հետ»:
Հանրաքվեի անցկացման ընթացքին հրավիրված են եղել և հետևել են տարբեր երկրներից եկած անկախ դիտորդական խմբեր: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հանրաքվեի արդյունքների վերաբերյալ դիտորդական խումբը տվել է իր եզրակացությունը, որը ամփոփվել է համապատասխան Ակտում: Քվեարկության գործընթացը լուսաբանել են մի շարք լրատվանիջոցներ ու գործակալությունների ներկայացուցիչները, Ռուսաստանի, ԱՄՆ, Բուլղարիայի հեռուստաընկերությունների լրագրողները և թղթակիցները։
ԼՂՀ ադրբեջանական բնակչությունը հրաժարվել է մասնակցել հանրաքվեին։
Հանրաքվեի օրը Ստեփանակերտը և հայկական այլ բնակավայրեր ենթարկվել են հրետակոծությունների և գնդակոծությունների, ինչի հետև անքով զոհվել է 10, վիրավորվել` 11 խաղաղ բնակիչ:
Կրեմլը չի ընդունել «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրի» և մյուս մարդասիրական հռչակագրերում ամրագրված ժողովուրդների, այդ թվում՝ Արցախի ժողովրդի ազատ կամքի ընտրություններով արտահայտելու իրավունքը»: