Հայ Առաքելական Եկեղեցին խստորեն դատապարտում է հայկական կողմի դիտավորյալ հեռացումը Բեթղեհեմի Ծննդյան Սուրբ Քարայրի վերականգնման գործընթացից:
Հայ Առաքելական Եկեղեցին հայտարարում է, որ Բեթղեհեմի Ծննդյան Սուրբ Քարայրի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումները հանդիսանում են հայկական կողմի դիտավորյալ և համակարգված հեռացում պաշտոնական գործընթացներից և փաստացի մեկուսացում սրբավայրի կառավարման մեխանիզմներից։
Ծննդյան Սուրբ Քարայրը համաշխարհային քրիստոնեության կարևորագույն սրբավայրերից է և դարավոր «Ստատուս քվո» սկզբունքով համատեղ կառավարվում է երեք համայնքների կողմից՝
Հույն ուղղափառ եկեղեցու,
Հայ Առաքելական եկեղեցու,
Հռոմեական կաթոլիկ Սուրբ Երկրի Կուստոդիայի։
Ստատուս քվոյի համաձայն՝ երեք կողմերն ունեն հավասար իրավունքներ և լիարժեք մասնակցություն բոլոր որոշումներին՝ վերականգնման, պահպանության, կառավարման և հրապարակային հայտարարությունների հարցերում։
Սակայն 2026 թ. հունվարի 24-ին Հույն ուղղափառ պատրիարքարանը և Կուստոդիան հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ առանց հայկական կողմին որպես հավասարազոր ստորագրող ներառելու։
Հայկական կողմը ներկայացվեց ընդամենը որպես «համագործակցող» կողմ, ինչը բացահայտ փորձ է նվազեցնելու նրա կարգավիճակը։
2026 թ. փետրվարի 17-ին հրապարակվեց «եռակողմ ստուգողական այցի» հաշվետվություն, մինչդեռ հրապարակված նյութերում և լուսանկարներում բացակայում էին հայկական ներկայացուցիչները։
Փաստացի իրականացվել է երկկողմ գործընթաց, որը փորձ է արվել ներկայացնել որպես եռակողմ համագործակցություն։
Տեղի ունեցող գործողությունները հանդիսանում են հայկական կողմի դիտավորյալ հեռացում որոշումների ընդունման գործընթացից և համակարգային մեկուսացում սրբավայրի կառավարման ամբողջ մեխանիզմից։ Սա բացահայտ փորձ է սահմանափակելու և աստիճանաբար խաթարելու Հայ Առաքելական Եկեղեցու հավասարազոր խնամակալական իրավունքները։
Նման գործելաոճը կոպտորեն խախտում է Ստատուս քվոյի հիմնարար սկզբունքները և վտանգավոր նախադեպ է ստեղծում հայկական կողմի լիիրավ մասնակցության թուլացման և դուրսմղման համար։
Հայ Առաքելական Եկեղեցին պահանջում է.
— Ծննդյան Սուրբ Քարայրի վերաբերյալ բոլոր հայտարարությունները և պաշտոնական հաղորդագրությունները պետք է լինեն բացառապես եռակողմ ձևաչափով։
— Առանց հայկական կողմի լիարժեք մասնակցության չպետք է իրականացվեն որևէ պաշտոնական այցեր, ստուգումներ կամ հրապարակային ներկայացումներ։
— Հանրային ձևակերպումները պետք է հստակ և անվերապահորեն արձանագրեն հայկական կողմի կարգավիճակը որպես լիիրավ և հավասարազոր խնամակալ։
Հայ Առաքելական Եկեղեցին հայտարարում է, որ հայկական կողմի իրավունքների որևէ սահմանափակում կամ մեկուսացում անընդունելի է և կստանա համապատասխան արձագանք։






