Այն, ինչ կատարվում է այս օրերին, ավտորիտար երկրներին հատուկ բռնաճնշումներ են։ Վերարտադրվելու համար իշխանություններն անում են հնարավոր ամեն բան, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը՝ անդրադառնալով այսօր առավոտից ավելի քան 50 հասցեներում տեղի ունեցող զանգվածային խուզարկություններին։
Հիշեցնենք՝ ըստ մամուլի տեղեկությունների՝ «Ուժեղ Հայաստան»-ի երեկվա հանրահավաքից հետո այսօր խուզարկություններ են ընթանում «Մեր ձևով» ՀԿ-ի աշխատակիցների բնակարաններում՝ Վայոց Ձորում, Արմավիրում, Վանաձորում և Սյունիքում։
Երեկ ուշ երեկոյան էլ արդեն լուրեր տարածվեցին, որ իշխանությունների շրջանում խուճապային տրամադրություններ են, և օրակարգում է «Ուժեղ Հայաստան»-ի՝ մոտ 30 պատգամավորության թեկնածուի ձերբակալության հարցը:
Ըստ Արմեն Բաղդասարյանի՝ իշխանությունները զուգահեռաբար պատրաստվում են պլան Բ-ի, այն է՝ եթե իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, արգելեն ընտրություններին մեկ կամ մի քանի քաղաքական ուժերի մասնակցությունը։
«Հիշեցնեմ, որ Մոլդովայում հիմնական ուժի մասնակցությունն ընտրություններին արգելվեց ընտրություններից ընդամենը մեկ օր առաջ։ Կարծում եմ՝ այս սցենարներն են նախապատրաստվում։ Իշխանությունները զուգահեռաբար փորձում են նաև վախի մթնոլորտ ամրապնդել՝ վախենալով հետընտրական պրոցեսներից։ Վախի մթնոլորտը խորացնում են, որովհետև նման զարգացում, ամեն դեպքում, չի բացառվում»,- ասաց քաղաքագետը։
Արմեն Բաղդասարյանն ընդգծեց՝ 2018 թվականին բռնաճնշումների, ձերբակալությունների և վախի մթնոլորտի մասին բարձրաձայնողՆիկոլ Փաշինյանն այսօր ինքն է նույն կերպ վարվում։
«Իհարկե, այդպես էլ պետք է լինի. հրեշին սպանողն ինքն է դառնում հրեշ։ Դա նորություն չի, դա շատ հայտնի պրակտիկա է, և մենք հիմա հենց դրան ենք ականատես լինում։
Նիկոլ Փաշինյանին ժողովրդավարությունը պետք էր այնքան ժամանակ, քանի դեռ ժողովրդի աջակցությունն իր կողմն էր։ Ակնհայտ է՝ որքան այդ աջակցությունը թուլանա, այնքան նրա համար ժողովրդավարությունը երկրորդ պլան է մղվելու. առաջին պլան են մղվելու ավտորիտար մեթոդները, որովհետև Փաշինյանի համար այս պահին առաջնայինն իշխանությունը պահպանելն է։ Նա դա փորձելու է անել ցանկացած գնով՝ ինչպես իր նախորդները։
Մենք, ամեն դեպքում, պետք է հաշվի առնենք, որ Հայաստանում ընտրություններով երբևէ իշխանություն չի փոխվել. Հայաստանում հակառակն է տեղի ուեննում՝ սկզբում փոխվում է իշխանությունը, հետո արդեն դա ամրագրվում է ընտրությունների միջոցով, ինչպես դա եղավ 1998-ին, 2018-ին»,- ասաց քաղաքագետը։
Արմեն Բաղդասարյանը նաև հավելեց՝ չի կարծում, որ իշխանությունները համակերպվելու են իրենց համար անցանկալի արդյունքների հետ, որովհետև ընտրություններով հեռանում են այն իշխանությունները, որոնք եկել են ընտրություններով։
«Իսկ այս իշխանություններն ընտրություններով չեն եկել»,- շեշտեց նա։
Ամփոփելով՝ մեր զրուցակիցը նկատեց՝ երբ իշխանությունները բռնաճնշումների միջոցով թղթապանակներ են հավաքում, դա կարող է երկու նպատակ ունենալ՝ կա՛մ կասեցնելու ուժերից մեկի մասնակցությունը, կա՛մ եթե այդ ուժերն անցնեն խորհրդարան, այդ թղթապանակներն օտգործի որպես նրանց գլխին կախված դամոկլյան սուր՝ հետագայում ԱԺ-ում ունենալու հլու-հնազանդ և կամակատար ընդդիմություն։
Ինչ վերաբերում է հետընտրական հնարավոր համագործակցություններին՝ Արմեն Բաղադասարյանը նշեց՝ չի կարծում, թե իշխանությունները թույլ կտան, որ ԱԺ անցած ընդդիմադիր ուժերն ավելի շատ ձայներ արձանագրեն, քան իրենք։
«Չեմ ասում ստանան, ասում եմ՝ արձանագրեն, որովհետև չեմ բացառում, որ եթե նույնիսկ քվեաթերթիկները հաշվելիս տեսնեն՝ ընթացքն այդպիսին է, չեմ բացառում, որ իշխանությունները քվեարկությունից հետո ինչ-որ պատրվակով կասեցնեն ընտրությունները»,- ամփոփեց Բաղդասարյանը։








