Այսօր լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ Երևանի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Տիգրան Ավինյանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում կեսօրին հանդիպել է ուսանողների հետ:
Ավելին՝ ըստ «Անկախ դիտորդ»-ի տարածած հաղորդագրության՝ ուսանողներին հայտնել են, որ հանդիպմանը մասնակցելու դեպքում դասից նրանց բացակայությունը չի գրանցվի։
Azg.am-ի թղթակիցը հանդիպման մանրամասները ճշտելու համար կապ հաստատեց նախ համալսարանի մամուլի խոսնակ Վահե Դավթյանի հետ, որը, սակայն, նշեց, որ արձակուրդում է և որևէ ինֆորմացիայի չի տիրապետում։ Նա խորհուրդ տվեց զանգահարել ՀԱՊՀ ռեկտորի օգնականներից Լուսինեին կամ Ռաֆայելին։
Մեզ հատկապես հետաքրքրում էր՝ ինչպե՞ս է ստացվել, որ իշխանական թեկնածուն դասերի ընթացքում ուսանողների հետ հանդիպում է կազմակերպում՝ փաստացի խաթարելով դասապրոցեսը, արդյո՞ք քաղաքապետի այլ թեկնածուի մինչ այժմ հնարավորություն է ընձեռվել հանդիպել ուսանողների հետ և իհարկե ճշտել՝ հավաստի՞ են տեղեկությունները, որ պոլիտեխնիկի ուսանողներին խոստացել են Տիգրան Ավինյանի հետ հանդիպմանը մասնակցելու դեպքում չգրանցել դասից նրանց բացակայությունը։
Մեր այս և մյուս հարցերը, սակայն, անպատասխան մնացին։ Համալսարանի ռեկտորի օգնական Լուսինեն հարցերը լսելուց հետո խոստացավ ինֆորմացիան ճշտելուց հետո հետ զանգահարել, սակայն ոչ միայն հետ չզանգահարեց, այլև մինչև աշխատանքային օրվա ավարտ այլևս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։
Ինչ վերաբերում է բուհի ռեկտորի մյուս օգնականին՝ Ռաֆայել Թովմասյանին, ապա նա նախ չպատասխանեց մեր զանգերին, իսկ ավելի ուշ անջատեց հեռախոսը։
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներկայացուցիչների նման խուսափողական կեցվածքի ֆոնին մնում է միայն հիշեցնել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին խորհրդարանում հայտարարել էր՝ Երևանի քաղաքապետի ընտրությանը վարչական լծակ օգտագործած պաշտոնյայի համար «ներում-բեկում» չի լինելու։
Նա զգուշացրել էր՝ եթե պարզվի, որ որևէ պաշտոնյա որևէ աշխատողի վարչական լծակի օգտագործմամբ տանում է հանրահավաքի, հանդիպման և այլն, այդ պաշտոնյան ազատվելու է աշխատանքից։
«Ներում-բեկում չի լինելու, այդ մարդը կազատվի աշխատանքից։ Եթե պարզվի, որ այդ մարդը ինձ ամենահարազատ մարդն է, եթե պարզվի, որ նման քայլ է արել, կդադարի լինել իմ ամենահարազատ մարդը և կազատվի աշխատանքից։ Ցուցակները տվեք, հիմնավորումները տվեք, և մենք կանդրադառնանք»,- ասել էր Փաշինյանը։
Հիշեցնենք, որ ընդդիմադիր պատգամավոր լինելու ընթացքում էլ Նիկոլ Փաշինյանը ամենասուր քննադատության էր արժանացնում իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի կիրառման պրակտիկան, սակայն ստացվում է, որ այժմ, երբ խոսքը վերաբերում է անմիջականորեն իր քաղաքական թիմին, արատավոր այդ երևույթը կանխելու գործիքակազմ գոնե մինչև այս պահը չի կիրառվել։