«Ինձ ասեք անհայրենիք, անտուն, լքված, բայց երբեք չասեք փախստական»,-հորդորում է, պահանջում է արցախցի աղջիկը։
Հայրենիքը սրտում՝ նա իր Հայրենիքից բռնի տեղահանցված, բռնագաղթած եկել է համայն հայության ու նաև ի՛ր Հայրենիք-Հայաստան, որտեղ հավասար իրավունքներ ունի, ինչպես Հայաստանում ծնվածներն ու ապրողները:
«Ես չեմ փախել 2016-ին, չեմ փախել 2022-ին, չեմ փախել 2023-ի սեպտեմբերի 24-ին»,-գրում է արցախցի աղջիկը։
Սրանք ուղղակի տարեթվեր չեն, այլ Արցախը նվաճելու, Ադրբեջանին բռնակցելու, Հայկական Արցախը հայերից զրկելու, արցախահայությանը արցախազրկելու նպատակադրված քայլերի իրականացման ժամանակահատվածներ են, որոնք Արցախի պատմության մեջ միշտ կրկնվել են։ Անընդմեջ, պարբերաբար, ուղիղ մեկ դար՝ այնքան, որքան այդ արհեստածին պետությունը գոյություն ունի Կրեմլի ծրագրով։
Ոչ միայն այս արցախցի աղջիկը, այլև առհասարակ ոչ մի արցախցի փախստական չէ։
Եվրոպական երկրներում փախստականների ճամբարներ կան, որտեղ հանգրվանել են իրենց երկրից տարբեր, մեծ մասամբ՝ սոցիալական պատճառներով ինքնակամ փախած ազգեր, որոնք լավ կյանքի փնտրտուքներով են կամովի փախստական դարձել։
Արցախցիները 10 ամիս իրենց Հայրենիքում, անմարդկային պայմաններում ապրել են զրկանքների մեջ, սովի մատնված, հոգեբանական ճնշումների ենթարկված, ֆիզիկական բնաջնջման՝ ցեղասպանվելու վտանգի տակ, բայց մտքներով անգամ չի անցել փախչել իրենց երկրից։ Եթե փախչելու մտադրություն ունենային, 2020 թվականի պատերազմից հետո չէին վերադառնա Արցախի՝ հայկական վերահսկողության տակ գտնվող տարածք՝ 25 տոկոս մնացած այն փոքրիկ պատառիկ ու այդ մասունք-հայրենիքին կառչած չէին մնա, նորից ընտանիք չէին կազմի, երեխաներ չէին ունենա ու իրենց Փոքրիկ Արցախը նորից չէին կառուցի։
Կփախչեին, կգնային… միլոնավոր մարդիկ են լավ կյանքի ակնկալիքով աշխարհներ շուռ տալիս, իսկ արցախցին արմատներն ամրացրեց իր հողում, այդ հողից աղ քամեց, հաց քամեց, սնունդ քամեց, որ կիսաքաղց պայքարի Հայրենիք ունենալու համար։
Արցախցուն չասե՛ք փախստական։ Միլիոնավոր մարդիկ հոգով ու մտքով են փախստական. հենց նվազագույն հնարավորություն լինի, պատրաստ են իրենց երկիրը լքել՝ որտեղ հաց, այնտեղ կաց։
Արցախցին էլի՛ քաղցած, մրսած, զրկված կմնար, բայց չէր լքի իր Հայրենիքը։ Նրան ուժի պարտադրանքով են ստիպել լքել իր Հողը։ Արցախցին անգամ պատրաստ էր մնալ իր հողում, սպանվել այնտեղ, եթե իմանար, որ միայն սպանվելու է։
Արցախցի Սոսեն չէր ուզում դուրս գալ Արցախից։ Արցախ ազատագրած իր հոր շիրմի առաջ ասում էր՝ ես ուզում եմ մնալ իմ հողում ու հող դառնալ։ Բայց Սոսե…. այ Սոսե, դու էլ գիտես, որ թուրքը քեզ միայն չէր սպանելու, թուրքը քեզ լլկելու էր, ստորացնելու էր, արժանապատվությունից էր զրկելու, մարմինդ էր հոշոտելու։
Եթե միայն սպաներ…
Հազարավոր արցախցիներ կմնային ու կսպանվեին, բայց իրենց որդիների, զավակների, մայրերի ու հայրերի գերեզմանները չէին թողնի, հազարավոր արցախցիներ կնախընտրեին սպանվել ու տեղ գտնել իրենց նախնյաց գերեզմաններում, բայց գիտեին թուրքին, լավ գիտեին, նրա շեյթանական բնույթը լավ են ճանաչում։
Արցախցին, Արցախից բռնի տեղահանվելով, իր կյանքը չի փրկել, նա միայն իր ազգային արժանապատվությունն է փրկել, իր պատիվն է փրկել, իսկ թուրքը հայի կյանքը խլելուց առաջ նախ նրա պատիվն է խլում։ Այնպես որ, իր Հայրենիքից հեռանալով՝ արցախցին միայն իր պատիվն է փրկել, ուրիշ ոչինչ։
Իսկ սիրտը, հոգին, արմատը, ինքնությունը, կյանքը թողել է Արցախում, որովհետև թուրքը միշտ պետք է բռնազավթած Արցախում զգա արցախցու սրտի, հոգու, արմատի, ինքնության, կյանքի ներկայությունն ու այդ հետապնդումից… գժվի։
Նաիր Յան