Քաղաքական ծանրագույն մեղադրանքներ են բարդվում Բակունցի հասցեին՝ «հակահեղափոխական, ազգայնամոլական գործունեություն»: Բանտային խիստ պայմաններում 11 ամիս անընդմեջ Բակունցին ենթարկում են տանջանքների: Նա իրեն արդարացնող նամակներ է գրում ղեկավարությանը, բայց ջանքերը ապարդյուն են անցնում: Նամակներից մեկում այսպես է ներկայացնում իր հոգեվիճակը. «Ծա՜նր է, շա՜տ ծանր… Մտածում ես մեկ ժամ, երկու, երեք, մեկ օր, երկու օր, մտածում ես հիմարանալու աստիճանի, մինչև հիշողությունդ փուլ է գալիս, և չգիտես՝ գիշե՞ր է, թե՞ ցերեկ, միայն պարզ գիտակցում ես, որ կյանքը մնաց փակ դռների ետևում…»։
Ու կարծես տասնամյակների միջից լսվում է նրա աղերսանքը․
«Ինձ գրելու և կարդալու հնարավորությո՜ւն տվեք, ինձ գիրք ու մատի՜տ տվեք…»։
Կինը `Վարվառան, մի քանի անգամ կարողանում է բանտում տեսակցության գնալ ամուսնուն։ Նա գրում է․ «Ալեքսանդրը մեկ ամսվա ընթացքում այնքան էր փոխվել, որ ես դժվարությամբ ճանաչեցի այն մարդուն, որին ես գիտեի երկար տարիներ: Ամբողջ տեսակցության ժամանակ հեծկլտում էր՝ կորցնելով ինքնատիրապետումը:
«Որդիս,- անդրադարձավ երեխային՝ քամելով արցունքից ամբողջովին խոնավ թաշկինակը,- այնքան շատ բան եմ ցանկացել կյանքում անել քեզ համար, բայց ինձ չհաջողվեց, մայրդ կանի նաև իմ փոխարեն»: Ինձ էլ ասաց՝ «Ամուր եղի՛ր, հաշվիր, որ ավտովթար է եղել, և ես վթարի եմ ենթարկվել»։
Ակսել Բակունցը որդու`Սևադայի հետ





