Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հունվարի 3-ին՝ «NTV» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ, պատասխանելով Իրանի վերջին իրադարձությունների մասին լրագրողի հնչեցրած հարցին՝ ասել է․ «Այդ դեպքերը ցավալի ու մտահոգիչ են։ Լիահույս ենք, որ Իրանում տեղի ունեցող իրադարձությունները հիմնարար ազատությունների ու իրավունքի պաշտպանության կառուցվածքային փոփոխությունների կհանգեցնեն»։
Անդրադառնալով Իրանի նախագահ Ռայիսիի՝ Թուրքիա նախատեսված այցի հետաձգման հանգամանքներին՝ Քալընն ասել է․ «Շուտով Իրանի նախագահը կայցելի Թուրքիա, սակայն դեռ ժամկետները հստակեցված չեն։ Հավանաբար այցը տեղի կունենա առաջիկա շաբաթների ընթացքում»։
Շարունակելով Իրանական թեման՝ Քալընն ասել է․ «Իրանի հայտարարությունները, որոնք հնչել են ի պաշտպանություն Հայաստանի, հավասարապես մտահոգում են և՛ Ադրբեջանին և՛ Թուրքիային»։
Ըստ թուրք պաշտոնյայի, Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Հայաստանն ու Վրաստանը, հանուն տարածաշրջանային խաղաղության ու կայունության, պետք է համաձայնեցված՝ բաց և թափանցիկ քայլեր կատարեն։
Արդյո՞ք ԻԻՀ նախագահի՝ Անկարա նախատեսված այցի հետաձգման առիթը Թեհրանի հայաստանանպաստ հայտարարություններն էին, թե՞ Իրանի ներքաղաքական անցուդարձերի կապակցությամբ երկրում հիմնարար ազատությունների ու իրավունքի պաշտպանության կառուցվածքային փոփոխությունների մասին պաշտոնական Անկարայի հնչեցրած ցանկությունը։
Համենայնդեպս, Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն հայտարարել է, որ ԻԻՀ նախագահ Ռայիսիի այցն Անկարա հետաձգվել է իրանական կողմի առաջարկով։
Գրիգոր Առաքելյան