Հանրությունը փաստաբան Զարուհի Փոստանջյանի նկարահանած տեսանյութի միջոցով իմացավ, որ դատավոր Արշակ Մաթևոսյանը 3 անչափահաս երեխաների մորը՝ Լիանա Հարությունյաին, 3 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։
Հուլիսի 11-ին Զարուհի Փոստանջյանն առաջին անգամ որպես պաշտպան ներկա է եղել դատական նսիտին ու դատավոր Արշակ Մաթևոսյանի վարքագծի դրսևորումներից, պահվածքից զարմանալու, վրդովվելու բազմաթիվ առիթներ ունեցել։ Նա 3 անգամ բացարկ է հայտնել դատավորին, որը, ըստ իր պատմածի՝ դատական նիստի ամբողջ ընթացքում քթի ու բերանի շրջանում տարօրինակ շարժումներ է արել, քթից ու բերանից ինչ-որ հոսք է եղել։ Նրա պահելաձևը, ըստ փաստաբանի, զարմանք է հարուցել դահլիճի մյուս ներկաների շրջանում ևս։
Փոստանջյանը պատմել է, որ դատարան է մտել անօրինական միգրացիայի կազմակերպման գործը, որի հետ Լիանա Հարությունյանի առնչությունը հետևյալն է՝ նա 8-9 անգամ ոստիկանությունում բանավոր թարգմանություն է արել հնդկերեն և անգլերեն։Լիանան դատարան է կանչվել որպես վկա, այնուհետև վկայից վերածվել է մեղադրյալի։ Լիանան մեղադրվել է անօրինական միգրացիայի կազմակերպմանն օժանդակելու մեջ։
Նա ունեցել է հանրային պաշտպան, որը 2 անգամ չի ներկայացել դատական նիստերին։ Քանի որ պաշտպան չի ունեցել, Լիանան ընդամենը մեկ անգամ բացակայել է դատական նիստից։ Սա է եղել նրան կալավորելու պատճառը։ Իսկ արդեն դատական վերջին նիստին, որից հետո Լիանային տարել են «Աբովյան» քկհ, ներկա է եղել նրա պաշտպանությունը ստանձնած փաստաբան Զորուհի Փոստանջյանը։
Նա պնդում է, որ դատավորը, Լիանային 3 ամսով կալանավորելու որոշում կայացնելով, նրան բառացիորեն պատժել է, որովհետև Լիանան նախկինում փորձել է իր իրավունքները պաշտպանել՝ ասելով՝ ես մեղավոր չեմ, դուք ինձ վկայից դարձրել եք մեղադրյալ, ես ձեր կեղտերը ջրի երես եմ հանելու։
Դատավորը 3 ամսվա կալանքի որոշում է կայացրել՝ քաջ գիտակցելով, որ շուտով ուսումնական նոր տարի է սկսվելու, իսկ Լիանայի մյուս 2 երեխաները դպրոցական են։ Կալանավայրում գտնվելով՝ նրանց մայրը հոգեպես տանջվելու է, որովհետև չի կարողանալու իր երեխաներին դպրոց ճանապարհել։ Իսկ մյուս՝ 8 ամսական երեխայի պատմությունն էլ ավելի սահմռկեցնող է։ Երեխան պետք է մոր հետ ապրի բանտում։
Սա ցանկացած մոր համար պատիժ է, հոբենական կտտանք, բռնաճնշում, նվաստացուցիչ վիճակ։
Դատավորը սկզբում տնային կալանքի որոշում է կայացրել՝ քաջ իմանալով, որ Լիան ընտանիքի հետ վարձակալած բնակարանում է ապրում։ Տանտերը հրաժարվել է իր տունը տրամադրել տնային կալանքի համար։ դատավորը կարող էր տնային կալանքի որոշումը կայացնել՝ նշելով, որ Լիանան կարող է այն անց կացնել իր հայրական տանը՝ գյուղում, բայց այդպես չի արել։ Փոստանջյանը պատմել է, որ Լիանան խնդրել է դատավորին, որ թույլ տա տնային կալանքն անց կացնել հայրական տանը, բայց՝ ապարդյուն։ Դատավորը որոշում է կայացրել, որ 3 անչափահասների մայրը պետք է տեղափոխվի բանտ։ Իսկ քանի որ 8 ամսական երեխան մոր խնամքի կարիք ունի, նա էլ պետք է 3 ամիս ապրի բանտում։ Իսկ մյուս 2 երեխաները տեղափոխվել են Լիանայի վատառողջ մայրիկի տուն։
Հատկանշական է, որ այս ամբողջ պատմությանը դատաիրավական համակարգի ոչ մի պատասխանատու դեռևս չի անդրադարձել։ Հիշեցնենք, որ այդ համակարգը մեր երկրում ղեկավարում են կանայք, որոնք պետք է որ ի զորու լինեին մտնել Լիանայի դրության մեջ։ Ի վերջո, Լիանան տեռորիստ չէ, մարդասպան չէ, որ նրա՝ ազատության մեջ մնալը հանրության համար վտանգ ներկայացներ։ Միայն ՄԻՊ Անահիտ Մանասյանն է անդրադարձել այս դեպքին՝ այն էլ միայն այն պատճառով, որ Զարուհի Փոստանջյանը բանտ տեղափոխվելուց առաջ 8 ամսական Ջուլյային տեսանկարահանել էր՝ ցույց տալու, թե Լիանայի երեխան որքան փոքր է, անօգնական ու ստիպված է 3 ամիս անց կացնել քրեակատարողական հիմնարկում։
Մանասյանն իր հայտարարության մեջ նշել էր, թե երեխային նկարահանելը նրա «լավագույն շահից» չի բխում։ Այսինքն՝ 8 ամսական երեխային նկարել-ցույց տալը նրա «լավագույն շահից» չի բխում, իսկ նրան 3 ամիս բանտում պահելը նրա «լավագույն շահից» է բխում։ Նա նաև հայտարարել է, որ աշխարհում շատ մայրեր կան, որ փոքր երեխա ունեն ու կալանավորված են։ Այսքանը…
Նշենք, որ այս գործով մյուս մեղադրյալներն ազատության մեջ են, միայն Լիանան է բանտարկված։
Զարուհի Փոստանջյանը հետաքրքրվել է, թե ինչ կենսագրություն ունի դատավոր Արշակ Մաթևոսյանը։ Նա պատմեց, որ չկան տվյալներ՝ նա ամուսնացա՞ծ է, թե ոչ, բանակում ծառայե՞լ է, թե ոչ, առողջական ի՞նչ վիճակում է։
Սա է մեր երկրի դատական համակարգը։ Ու եթե չլիներ Զարուհի Փոստանջյանի տեսանյութը, ոչ ոք չէր էլ իմանա, թե դատական ինչ գործ է քննվել, չէինք իմանա, որ 3 անչափահասների մորը վկայից դարձրել են մեղադրյալ ու պատժել՝ որպես «քավության նոխազ»։
Մայրն ու փոքրիկը 2-րդ գիշերն են անց կացրել բանտում։ Զարուհի Փոստանջյանն ամեն առավոտ այցելում է նրանց։ Պատմեց, որ երեխան նոր միջավայրին ու պայմաններին դժվարությամբ է հարմարվում։