Օգոստոսի 31-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը այցելեց Անկարա: Նրան այնտեղ թուրք գործընկերոջ՝ Հաքան Ֆիդանի հետ հանդիպումից հետո ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ըստ Թուրքիայի նախագահականի հաղորդակցությունների նախարարության հաղորդագրության՝ կողմերը հանդիպմանը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների նորմալացմանն առնչվող խնդիրներ, հավանաբար նաև Լաչինի միջանցքի, Արցախի շրջափակումը։
Ֆիդանն այդ հարցին անդրադարձել և թուրքական մամուլի վկայությամբ՝ ասել է. «Ինչպես հայտնի է, Լաչինն ադրբեջանական տարածք է: Հետևաբար, Ադրբեջանն այնտեղ կգործադրի այն բոլոր միջոցներն, ինչն անհրաժեշտ է համարում: Ելնելով իրավիճակից՝ ճիշտ չենք համարում Ադրբեջանին հասցեգրված քննադատությունները»:
Այնուհետև Ֆիդանը շարունակել է. «Թուրքիա-Հայաստան հարաբերությունների նորմալացման ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ բոլոր քայլերը: Մենք սպասում ենք, որ հնարավորինս շուտ ստորագրվի հաշտության պայմանագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այսպիսով, միանգամայն կնորմալանան Թուրքիայի հարաբերությունները Հայաստանի հետ, և Հարավային Կովկասում կսկզբնավորվի Ադրբեջան-Թուրքիա-Հայաստան կենտրոնով տնտեսական կայունության և բարգավաճման մի գործընթաց, որից կօգտվեն նաև տարածաշրջանի մյուս պատությունները»:
Թուրքական լրատվամիջոցներն այս տեղեկատվությունը ներկայացրել են «Ֆիդանն ու Բլինքենը հակադիր դիրքերում են Լաչինի միջանցքի առնչությամբ» վերնագրով, որոնցից հավանաբար արտատպել են Կ. Պոլսո «Ակօս» շաբաթաթերն ու պատրիարքարանի «Հայ Թերթ» կայքէջը:
Համենայն դեպս, Ֆիդան-Բայրամով հանդիպումից հետո Ադրբեջանի արտգործնախարարին ընդունել է Էրդողանը: «Ակօսն» այդ ընդունելությունը օգոստոսի մեկին ներկայացնում է «Էրդողանը վերստին օրակարգ բերեց Լաչինի միջանցքը» խորագրով: Բայրամովի հետ հանդիպմանը Էրդողանը ևս անդրադարձել է Ադրբեջան-Հայաստան հարաբերություններին, «Զանգեզուրի միջանցքի» անհապաղ բացումն ու հաշտության համապարփակ պայմանագրի ստորագրումը համարել այս երկու երկրների միջև այդ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտ նախապայմանը:
«Ակօս»-ը միաժամանակ նշում է, թե Հայաստանի կառավարությունը դեմ է միջանցքի բացմանը և ընդգծում, որ դա նշված չէ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության մեջ: Շաբաթաթերթը միաժամանակ ընդգծում է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացմանը դեմ է նաև Իրանը:
Հակոբ Չաքրյան