«Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Մեկ շաբաթ առաջ մենք Արցախում էինք, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակը պատրաստվում էր Միասնության հանրահավաքին, և Արցախում ամենուր զգացվում էր պայքարի նոր փուլի վճռական շունչը: Արցախում ապրող մարդիկ գիտակցում էին, որ այլևս ստիպված են լինելու հույսը դնել իրենք իրենց վրա, որ դա ուժերի գերլարում է պահանջելու, բայց և միաժամանակ լիահույս էին, որ եթե նույնիսկ Հայաստանի այսօրվա իշխանությունը երես թեքի իրենցից, արժանապատիվ հայ մարդիկ Հայաստանից և ողջ աշխարհից կկանգնեն իրենց թիկունքին, և միասնական ուժերով կպաշտպանեն հայոց Արցախը:
Այսօր Երևանում հանրահավաք է ի պաշտպանություն Արցախի, և անսալով Արցախի մեր եղբայրների և քույրերի կոչին, ես ներկա եմ գտնվելու այդ հանրահավաքին, և իմ մեկ ձայնն եմ միացնելու բազմաթիվ ձայներին՝ ի պաշտպանություն մեր Արցախի, և ընդդեմ նրան հանձնելու պիղծ դավադրությանը: Հուսով եմ նաև, որ իմ բազմաթիվ ընկերներ ու համախոհներ, նույն սրտի կանչով, այսօր դուրս կգան փողոց, և իրենց վճռական ձայնը կարտահայտեն՝ ի պաշտպանություն ազատ Արցախի և ինքնիշխան Հայաստանի:
Դրանով հանդերձ, ես համարում եմ, որ Արցախի ազատության և Հայաստանի ինքնիշխանության համար պայքարի նոր փուլը այլևս չի կարող սահմանափակվել հանրահավաքներով և երթերով: Մեր դեմ կանգնած է վճռական և դաժան թշնամի, որը նպատակ է դրել ոչ միայն ոչնչացնել Արցախը, այլև ծնկի բերել և ի վերջո վերացնել Հայաստանը՝ որպես հայության ազգային պետություն: Այս թշնամու և նրա մարդատյաց նկրտումների դեմ պայքարը պետք է լինի բազմաթիվ ճակատներով, ամեն օր և ամեն ժամ, և մեզնից յուրաքանչյուրն անելիք ունի այստեղ:
Կլինի դա Արցախի բնակավայրերի ամրապնդումը, նոր սպառազինությունների մշակումը, մեր զինված ուժերին նյութա-տեխնիկական աջակցությունը, մարտական պատրաստության կուրսերի անցումը և անդամագրումը աշխարհազորին՝ յուրաքանչյուրս պետք է առնվազն մեկ հավելյալ խնդիր վերցնի իր վրա՝ պաշտպանելու երկիրը նոր ռազմական վտանգից:
Կլինի դա ողջ աշխարհով մեկ հանրային կարծիքի վրա ազդեցությունը, յուրաքանչյուրի բնակության երկրում իշխանության հետ հետևողական աշխատանքը, այդ երկրներում թշնամական ազդեցությանը կոշտ դիմակայումը և նախաձեռնությունների ձախողումը, նոր դաշնակիցներ և գործընկերներ ձեռքբերումը՝ յուրաքանչյուրս առնվազն մի հավելյալ խնդիր պետք է վերցնի իր վրա՝ բազմապատկելու Հայաստանի միջազգային աջակցությունը և թուլացնելու մեր թշնամիներին:
Կլինի դա Հայաստանի ներսում կոշտ հակազդեցությունը ցանկացած կապտուլացիոն փաստաթղթին, որը կփորձի Արցախը հանձնել Ադրբեջանին կամ էլ Հայաստանի որևէ ինքնիշխան տարածք զիջել նրան, կլինի դա անընդհատ հիշեցումը գործող վարչակարգին, որ նա Արցախի հանձման որևէ մանդատ չի ստացել հայ ժողովրդից, և կամ այդ վարչակարգին իրական, կենսունակ այլընտրանքի ձևավորումը, յուրաքանչյուրս առնվազն մեկ հավելյալ խնդիր պետք է վերցնի իր վրա՝ կանխելու թուլամորթների ձեռամբ մեր երկրի կապիտուլացիան, և նոր շանս տալու բոլորիս ոտքի կանգնելու և առաջ գնալու:
Մեր բեռը ծանր է լինելու, քանի որ յուրաքանչյուրս ստիպված է լինելու կրել ոչ միայն իր և իր ընտանիքի, այլև ողջ պետության հոգսը: Սակայն եթե մենք չկարողանանք պահպանել և առաջ տանել մեր պետությունը, կկորցնենք ամեն ինչ: Ուստի դուրս գալով այսօր հրապարակ, ես հանձնառություն եմ վերցնում առաջիկա տարիներին և տասնամյակներին իմ վրա անտրունջ կրել նաև մեր պետության հոգսը, այնքան ժամանակ, մինչև նրա ինքնիշխանությանն այլևս վտանգ չսպառնա, իսկ Արցախը վերամիավորվի Հայաստանին, և մենք մեր երեխաներին միասնական, հզոր և երջանիկ հայրենիք ժառանգենք: Նույնը ձեզնից եմ խնդրում: