«…Զորամասը նորից վերադարձավ Գորիս, և Անդրանիկը վերստին քսանից քառասունհինգարեկանների զորակոչ հայտարարեց:
Թուրքերն ամեն օր սպառնում էին մեզ: Ամեն օր հարձակումներ էին գործում հայկական գյուղերի վրա և ամեն անգամ հետ շպրտվում՝ տալով մեծ կորուստներ: Գոռում էին դիրքերից, գրություններ ուղարկում. «Հանձնվե՛ք, թե չէ ձեզ հետ էլ նույնը կլինի, ինչ Բաքվի հայերի հետ. մենք այնտեղ երեսուն հազար հայ ենք մորթել, բռնաբարել բոլոր կանանց և աղջիկներին»: Եվ այս ոգով՝ շատ ու շատ այլ բաներ: Մենք եռում էինք կատաղությունից: Ցավալի էր նման բաներ լսելը: Բայց ահա նամակ ստացվեց Նուրի փաշայից, որով նա ասում էր. «Մենք՝ թուրքերս, ամբողջ աշխարհի հաղթողներն ենք: Բաքուն գրավված է, դո՛ւք էլ հանձնվեք: Անդրանիկին, նրա զինվորներին, սպաներին կյանք կշնորհեմ, եթե զենքերն հանձնեք, եթե ոչ՝ քարուքանդ կանեմ ողջ Զանգեզուրը, իսկ ձեզ, որպես թուրքական իշխանությանը չենթարկվողների, կհանձնեմ խայտառակ պատժ»:
Անդրանիկը նրան պատասխանեց. «Ես երեսուն տարի է՝ կռվում եմ ձեր կառավարության դեմ, և դեռ չի եղել մի դեպք, որ զենքս հանձնեմ, և հիմա էլ չեմ հանձնի. եկե՛ք մեզ վրա, պատրաստ ենք դիմավորել: Չափվենք ուժերով»:
Բաքվի հաղթանակով արբած՝ Նուրի փաշան շարժվեց առաջ: Անդրանիկը հեծավ ձին և, վերցնելով հեծյալների միայն մի հարյուրյակ, անցավ նրա թիկունքը: Եվ իրոք, ջարդուցրիվ արեց թաթարներին, ինչպես ինքը գիտեր դա անել: Մենք քառասունչորս վերստ անդադար քշեցինք այդ Նուրի փաշային…»:
ԱԼԵՔՍԵՅ ԿՈԼՄԱԿՈՎ, 1919թ.
Ռուս և բրիտանացի զորականների հուշերից մեջբերումն արել է անդրանիկագետ, գրականագետ Կարո Վարդանյանը՝ ցանկանալով ցույց տալ այսօրվա ու մեկ դար առաջվա պատմական զուգահեռները։