Խուլիգանության, «թքածը լիզելու», ականջ կտրելու, ծեծկռտուքի վայր դարձած ՀՀ ԱԺ մի քպ-ական պատգամավորուհի որոշել էր հակադարձել հայ առաքելական եկեղեցու առաջնորդին՝ կաթողիկոսին, և այնքան էր ոգևորվել հակաքրիստոնեական իր վարքագծով, որ որոշել էր մի հարվածով, մի թունավոր կսմիթով վարկաբեկել և՛ Ազգային եկեղեցու առաջնորդի հայրական հորդորը, և՛ Դաշնակցությանը։
«Համախմբում» շարժման աջակից, վերլուծաբան Հրայր Կամենդատյանն ուշագրավ առաջարկ ունի։ Քպ-ական պատգամավորուհու ելույթին անդրադարձել է, որպեսզի հիմնավորի իր առաջարկի անհրաժեշտությունը։
Ահա թե ինչ է գրել նա.
Իր ղեկավարին հաճոյանալու մարմաջից դրդված՝ տիկինը հարցեց՝ արդյո՞ք դարերի ընթացքում մեր ազգի, եկեղեցու միակ ձեռքբերումը թուրքին ատելն է։
Եվ սա հայտարարվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման տարելիցից օրեր առաջ։
Քպ-ական պատգամավորուհին 10 րոպե շարունակ եկեղեցուն և Դաշնակցությանը մեղադրեց պետականության դեմ հակաօրինական գործողությունների մեջ, որոնք իբր թե ղեկավար ու առաջնորդ չհանդուժող քաղաքականություն են վարում իշխանության դեմ։ Դաշնակցության հարյուրամյա ազգային կռվին, մաքառմանը, պարտություններով ու հաղթանակներով լի պատմությանը նետված ակնարկներին չեմ անդրադառնա։ Առավելապես կխորանամ առաքելական եկեղեցու դեմ կատարած մոլորեցնող և խիստ թշնամական վարքագծին։
Ո՞վ կպատկերացներ, որ ՀՀ ԱԺ պատերից ներս պետք է հայտնվի մեկը, որը կփորձի քանդել մեր նվիրական հավատքը, խարխլել եկեղեցու հեղինակությունը։
Զավեշտն այն է, որ այդ տիկինն իր հակաքրիստոնյա ելույթի մեջ պաթոսախեղդ հարցադրումներով ներկայանում էր իբրեւ աղոթող հավատավոր, պաս պահող։
Կրոնական բնույթ ու բովանդակություն ունեցող երկու սքանչելի գործողություններն ինձ և հայ առաքելական եկեղեցու տասնյակ հազարավոր հետևորդների շրջանում առաջ են բերում անկեղծ և բուռն հակազդեցություն և մի պարզ հարց՝ ինչո՞ւ է ուշանում նման արարածներին բանադրանքի ենթարկելը։
Բանադրանքը եկեղեցու կողմից որևէ անձի հեռացումն է, անջատումը հոգևոր տաճարից։ Բ անադրանքի ենթարկվածը զրկվում է եկեղեցու խորհուրդներից, ծիսակատարություններին մասնակցելուց։
Բանադրանքը եկեղեցու և անձի խզումն է, որը ֆորմալ իմաստով նշանակում է, որ պատժի ենթարկվածն իրավունք չի ունենալու մկրտվել, ամուսնանալ, խոստովանություն անել, հոգեհանգստի ծես ունենալ, աղոթել , այցելել Աստծո տաճար։
Կարծում եմ՝ հիշյալ կնոջ ամբողջ խոսքը խորքային հակաքրիստոս էր և համապատասխան գնահատականի ու արձագանքի պետք է արժանանա։
Թադևոս եվ Բարդուղիմեոս առաքյալների ձեռամբ քրիստոնեություն ճանաչած Հայոց աշխարհում տեղ չունեն քրիստոնեական հավատքի դեմ մանիպուլյացիաներ գործածողներն ու եկեղեցու դեմ արշավի դուրս եկածները։
Բանադրանքը պետք է կիրառվի այսօրինակ մոլորեցնողների նկատմամբ, որոնք գառան դիմակի տակ թաքնված աղանդավորներ են՝ իրենց սև գործի վարձքով։