Արեւմտյան Ադրբեջանի համայնքը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արել շտապ միջոցներ ձեռնարկել Երեւանի Թեփեբաշի մզկիթի հետ կապված եւ ճնշում գործադրել Հայաստանի վրա. հայտնում է ադրբեջանական APA-ն։
Ադրբեջանի տարածապաշտական նկրտումների հիման վրա ստեղծված «Արևմտյան Ադրբեջան» կեղծ անվամբ կազմակերպությունը հանդգնել է Հայաստանին մեղադրել իբր «պատմական ադրբեջանական» ինչ-որ մզկիթ ավերելու մեջ։
«Արևմտյան Ադրբեջան» կեղծ անվամբ կազմակերպությունը հայտարարություն է տարածել.
«Սոցիալական ցանցերում տարածվել են կադրեր, որտեղ բլոգերը նկարահանում է Երևանի Թեփեբաշի թաղամասում գտնվող պատմական ադրբեջանական մզկիթի ավերակները. Սա բացահայտ սադրանք է, որն ազդում է ադրբեջանական ժողովրդի կրոնական և մշակութային ինքնության վրա։
Հայկական կողմից ադրբեջանական մշակութային հուշարձանների և ադրբեջանական ժողովրդի մշակութային ժառանգության կանխամտածված ոչնչացումը ներկայիս Հայաստանի տարածքում միջազգային իրավունքի՝ ներառյալ 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան բանաձևերի կոպիտ խախտում է։ Հայաստանի այս քայլերը լուրջ խոչընդոտ են ստեղծում տարածաշրջանում խաղաղության և հաշտեցման հասնելու համար։
Մենք խստորեն բողոքում ենք մշակութային ժառանգություն համարվող Թեփեբաշի մզկիթի ոչնչացման, ինչպես նաև դրա ավերակների վիրավորական օգտագործման դեմ և կոչ ենք անում ՅՈՒՆԵՍԿՕ-ին և այլ միջազգային կազմակերպություններին անհապաղ քայլեր ձեռնարկել, այդ թվում՝ ճնշում գործադրելով Հայաստանի վրա՝ վերականգնելու և պահպանելու մզկիթը, ինչպես նաև Ադրբեջանի այլ ավերված հուշարձանները։
Մենք պահանջում ենք, որ Հայաստանի կառավարությունն անհապաղ կատարի իր պարտավորությունները՝ վերականգնելու և պահպանելու ադրբեջանական ժողովրդին պատկանող բոլոր ոչնչացված կամ կեղծված մշակութային հուշարձանները»։