ԱՄՆ արտաքին քաղաքականությունն ունի համակարգային և երկարաժամկետ բնույթ: Այն ծրագրավորվում և իրականացվում է՝ ելնելով ԱՄՆ շահերից, և ոչ թե՝ այս կամ այն պետության, առավել ևս Հայաստանի պես փոքր և տարածաշրջանում այսուհետ դերակատարում չունեցող երկրների ներկայացուցիչների այցելությունների արդյունքում։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հանդիպմանը։
«ԱՄՆ քաղաքական շահերի, դիվանագիտության արդի պատմության, ռազմավարության առումներով այլ պետություններ և միություններ, անգամ Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն, դիտարկվում են որպես միջոցներ, օբյեկտներ, և ոչ՝ ԱՄՆ-ին համազոր սուբյեկտներ, մասնակիցներ։ Սա առավել ևս վերաբերում է հետխորհրդային պետութուններին, որոնք ԱՄՆ կողմից դիտարկվում են որպես միջոց՝ կասեցնելու աշխարհում և տարածաշրջանում Ռուսաստանի դաշնության ազդեցությունը։
Այլ նպատակներ, օրինակ՝ Հայաստանի, Ուկրաինայի հզորացում, պաշտպանվածություն, ինքնակայացում, ԱՄՆ-ը չեն դիտարկում և հետապնդում, եթե դրանք չնպաստեն Ռուսաստանի թուլացմանը։ Նման նպատաներ դրվել և շարունակում են իրականացվել դեռ Խորհրդային Միության հետ ԱՄՆ սառը պատերազմի, ապա՝ ԽՍՀՄ փլուզումից ի վեր, իսկ Հայաստանի վարչապետի կամ Ուկրաինայի նախագահի այցերն ու հանդիպումներն ԱՄՆ-ում դրված նպատակներն ու իրականացվող որոշումները ի ցույց դնելու, գովազդելու զուտ միջոցներ են. այդ այցերից որևէ բան փոխվել չի կարող»,- ասաց մեր զրուցակիցը։
Ըստ Արթուր Աթանեսյանի՝ Հարավային Կովկասը ևս ԱՄՆ-ի համար եղել է, կա և կլինի ռազմավարական շահերի օբյեկտը, թիրախը, միջոցը, և ոչ՝ գործընկերը․ հայաստանցի պաշտոնյաների այցերը որևէ կերպ չեն ազդում այն որոշումների վրա, որոնք ընդունում է ամերիկյան վարչակազմը՝ ելնելով իր շահերից։
«Այնտեղ որոշումը մշակվել և ընդունվել է, և դրան պետք է կցել նաև որոշակի լրացուցիչ հիմնավորումներ, կարծես՝ փաստաթուղթն ուղեկցել նկարներով, օրինակ՝ ցույց տալ, որ Փաշինյանն այնտեղ է եղել։ Այսինքն՝ որոշում կա, պարզապես պետք է ավելի գեղեցիկ մատուցել, նաև՝ լրացուցիչ անգամ զայրացնել Ռուսաստանին, և այդ մատուցման համար պետք են դերասաններ, ովքեր խաղում են իրենց հատկացված դերերը»,- ասաց մեր զրուցակիցը։
Ամփոփելով՝ Արթուր Աթանեսյանը նկատեց՝ Միացյալ Նահանգները մեր տարածաշրջանը դիտարկում է որպես Եվրասիա, որի կենտրոնական խաղացողը Ռուսաստանն է։
«Հայաստանին և մի շարք այլ երկրներին Միացյալ Նահանգները վերջին երեք տասնամյակներում միջոցներ են հատկացրել՝ դուրս բերելու ավանդական ազդեցության, կապերի, հարաբերությունների տիրույթից։ Այժմ, երբ Ադրբեջանն ինքն է հրաժարվել ամերիկյան ֆինանսավորումից, իսկ Վրաստանը դրանից լիովին օգտվեց ու գիտակցելով ինքնիշխանության լիակատար կորստի վտանգը՝ սկսեց արագացված կերպով սահմանափակել արտաքին միջամտությունները, Հայաստանին ինքնիշխանությունից զրկեցին, իսկ քաղաքացիական հասարակությանը՝ նախկինում հատկացված միջոցներից՝ նախընտրելով ուղիղ ներազդել ՀՀ իշխանությունների վրա։ Այսօր ավելի քան երբևիցե, Հայասtանն ԱՄՆ-ին հետաքրքիր է զուտ որպես մի միջոց, որ անգամ Ռուսաստանի ոտքերի տակ ընկնելով, ջղայնացնելով, բողոքելով և խանգարելով՝ կարող է նպաստել Արևմուտքի շահերի իրացմանը»,- ասաց Արթուր Աթանեսյանը։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հանդիպման մասին փաստող լուսանկարը լայն արձագանք է գտել սոցիալական հարթակներում։ Մի շարք քաղաքական վերլուծաբաններ կարծիք են հայտնել, որ այն վկայում է բավական հապճեպ, «ոտքի վրա» կազմակերպված հանդիպման մասին բոլորովին հարիր չէ միջպետական հարաբերություններին։