Լևոն Հմայակի Աբրահամյան (փետրվարի 1, 1947, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ազգագրագետ, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու (1979), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2006), Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ (2009), 2018 թվականի նոյեմբերից Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ։
Կենսագրություն
1965 թվականին ավարտել է Երևանի թիվ 55 միջնակարգ դպրոցը: 1970 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, 1978 թվականին՝ ԽՍՀՄ ԳԱ Ազգագրության ինստիտուտի (Մոսկվա) ասպիրանտուրան։ 1978 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ Ավստրալիայի և Օվկիանիայի բնիկների մշակույթի վերաբերյալ և աշխատանքի անցել հնագիտության և ազգագրության ինստիտուտում։
1970-1972 թվականներին եղել է ԵՊՀ մոլեկուլյար կենսաֆիզիկայի ամբիոնի ասիստենտ, 1973-1974 թվականներին` Երևանի բժիշկների կատարելագործման պետական ինստիտուտի փիլիսոփայության ամբիոնի ավագ լաբորանտ։ 1978 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում, 1978-1988 թվականներին` ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, 1988 թվականից՝ ավագ գիտաշխատող։ 2005 թվականից՝ արդիականության ազգաբանության բաժնի վարիչ։
1990 թվականից դասախոսում է Երևանի պետական համալսարանում, ինչպես նաև ԱՄՆ-ի Պիտսբուրգի (1994), Կալիֆոռնիայի Բերկլիի (1997) և Կոլումբիայի (2001) համալսարաններում։ 2005 թվականից ղեկավարել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի արդիականության ազգաբանության բաժինը:
Հեղինակ է շուրջ 170 աշխատությունների: Աշխատությունները վերաբերում են հայոց ավանդական և ժամանակակից ազգագրությանը, հայոց ինքնության խնդիրներին, հայոց և համեմատական առասպելաբանությանը, արվեստաբանության, արխաիկ մշակույթների և արդի ազգաբանության ասպարեզներին, նախնադարյան և ժամանակակից տոնածիսական համակարգին, Ավստրալիայի և Օվկիանիայի բնիկների մշակույթին, ազգաբանական մտքի պատմությանը։
Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածուական 3 ատենախոսություն:
Երկեր
Первобытный праздник и мифология, Е., 1983.
Беседй у дерева, М., 2005.
Armenian Identity in a Changing World, Costa Mesa, 2006.