ՀՀ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ մայիսի 9-ին «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից Երևան քաղաքում, դեպի Հանրապետության Հրապարակ իրականացվող երթի ընթացքում, դրա մասնակից անձանց կողմից խոչընդոտվել է լրագրողի մասնագիտական գործունեությունը։
Մասնավորապես, «Խոսնակ․ամ» լրատվական կայքի լրագրող Նանե Իսրայելյանի և օպերատորի կողմից երթն առաջնորդող Բագրատ Գալստանյանի հետ Ամիրյան փողոցի հատվածում ճեպազրույց անցկացնելու ընթացքում վերջինիս աջակիցները օպերատորի ձեռքից վերցրել են տեսախցիկը և ջարդել, ինչպես նաև խոչընդոտել են Ն․ Իսրայելյանի կողմից իր մասնագիտական աշխատանքի իրականացումը։
Հաշվի առնելով, որ ստացված հաղորդման մեջ առկա են լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունն առերևույթ խոչընդոտելու հանցավոր արարքի հատկանիշներ՝ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, առերևույթ հանցավոր արարքները կատարած անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու նպատակով։
Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: