Ամերիկացի դերասան Ջեսի Այզենբերգը Լեհաստանի քաղաքացիություն է ստացել երկրորդ համաշխարհային պատերազմում հրեաների պատմության վերաբերյալ օսկարակիր «Իրական ցավ» ֆիլմի նկարահանումից հետո։ Այս մասին հայտնում է BBC-ին։
Արարողությունը տեղի է ունեցել մարտի 4-ին Նյու Յորքում, և այժմ ֆիլմերի ու սերիալների աստղը պաշտոնապես Լեհաստանի քաղաքացի է։
Այզենբերգն «Իրական ցավ» ֆիլմի սցենարի հեղինակն է, ռեժիսորը և գլխավոր դերակատարներից մեկը։ Ֆիլմը պատմում է երկու ամերիկացի զարմիկների մասին, որոնք մեկնում են Լեհաստան՝ հարգելու Հոլոքոստը վերապրած իրենց տատիկի հիշատակը։ Ֆիլմում զարմիկների տատիկի կերպարը հիմնված է Այզենբերգի մեծ մորաքրոջ կերպարի վրա:
«Երբ մենք նկարահանում էինք այս ֆիլմը Լեհաստանում, և ես քայլում էի փողոցներով և սկսում էի մի փոքր ավելի հարմարավետ զգալ ինձ այդ երկրում, ակնհայտ մի բան հասկացա, որ իմ ընտանիքն այստեղ ապրել է շատ ավելի երկար, քան մենք ապրել ենք Նյու Յորքում», – ասել է Այզենբերգը:
Ապա նա նշել է, որ ողբերգությունից հետո ընտանիքը որևէ կապ չի ունեցել Լեհաստանի հետ, և որ ինքը ցանկանում էր վերականգնել կապն այդ երկրի հետ։
«Իսկապես հուսով եմ, որ այսօրվա այս արարողությունը և այս հրաշալի պատիվը կդառնան առաջին քայլը, որ ես իմ ընտանիքի անունից կվերականգնեմ կապն այս գեղեցիկ երկրի հետ», – ասել է Այզենբերգը քաղաքացիության շնորհման արարողության ժամանակ։
Նախագահ Դուդան նշել է. «Ես ուրախ եմ, որ օվկիանոսից այն կողմ մարդիկ ճանաչում են իրենց ժառանգությունը, գիտակցում են, որ իրենց նախնիները (Լեհաստանի) Հանրապետությունից են և ձգտում են կապ հաստատել մեր երկրի հետ»:
Այզենբերգը ոգեշնչվել է նկարահանել «Իրական ցավ» ֆիլմը 2019 թվականին մեծ մորաքրոջ՝ Դորիսի մահից հետո, որը մեծացել էր Լեհաստանում, բայց փախել էր ԱՄՆ 1938 թվականին: Ընտանիքի մյուս անդամները, ովքեր մնացել են Լեհաստանում, սպանվել են Հոլոքոստի ժամանակ:

«Իրական ցավ» ֆիլմը մարտի 3-ին արժանացել է «Օսկար»-ի՝ հաղթելով «Լավագույն երկրորդ պլանի դերասան» (Քիրան Քալկին) անվանակարգում։