Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմնակիցները պնդում են, որ Գազայի հատվածի կենտրոնական Նուսեյրաթ փախստականների ճամբարում 4 իսրայելցի պատանդների ազատագրման հատուկ գործողության հետևանքով սպանվել է երեք իսրայելցի պատանդ. համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ՀԱՄԱՍ շարժման պաշտոնական Telegram ալիքում։
Նշվել է, որ իսրայելական բանակը ազատ է արձակել մի քանի պատանդների, սակայն այս ճամբարում սպանել է երեք պատանդի, որոնցից մեկն ԱՄՆ քաղաքացի էր։
ՀԱՄԱՍ-ի հրապարակած տեսանյութում պատկերված են ենթադրաբար սպանված պատանդների մարմինները՝ փակված դեմքերով։
Նշենք, որ հունիսի 8-ին իսրայելական բանակը հայտարարեց Նուսեյրաթ շրջանում հատուկ գործողության մասին, որի արդյունքում 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պատանդ վերցված 4 իսրայելցիներ ազատ արձակվեցին։
Գազայի հատվածում գտնվող բժշկական հաստատությունից հայտնել են, որ առնվազն 274 պաղեստինցի է զոհվել, 698-ը վիրավորվել է իսրայելական բանակի կողմից Նուսեյրաթ փախստականների ճամբարում չորս պատանդների ազատ արձակման գործողության ընթացքում։