Ինքնագլորները՝ նոր բարդություն երևանցիների համար. ընկերության ղեկավարը մեկնաբանել է դժգոհությունները

13

Այս օրերին համացանցում լայնորեն քննարկվում է Երևանի փողոցները «հեղեղած» ինքնագլորների թեման։ Կարծիքները տարբեր են. այս նորամուծությունը որքան դրական և ուրախալի է օգտվողների համար, նույնքան՝ բացասական՝ չօգտվողների համար։

Հայաստանի մի քանի քաղաքներում, նաև՝ Ստեփանակերտում, մեծ թվով ինքնագլորներ կան, հաջորդը լինելու է Արմավիրը։

Radar Armenia-ն ինքնագլորների վերաբերյալ մարդկանց բողոքների, համապատասխան կարգավորումների անհրաժեշտության վերաբերյալ դիմեց YerevanRide ընկերության ղեկավար Ալբերտ Մանուկյանին։ Ընկերությունն այս պահին Երևանում ունի շուրջ 800 ինքնագլոր։ Ըստ Մանուկյանի՝ Երևանն իր փոքրությամբ շատ հարմար է ինքնագլորներ վարելու համար։

Մանուկյանի խոսքով՝ ինքնագլորները կենտրոնում շարժվելու համար շատ հարմար են, բացի այդ՝ պետք է այնպես անել, որ ինքնագլորները քաղաքում արագ ադապտացվեն, ինչպես դա եղավ Կոպենհագենի դեպքում. «Ես չեմ ասում՝ պետք չէ բողոքել, բայց երբ կար 0 երթ, կար նաև 0 բողոքող, դրականը միշտ չի, որ մարդիկ ուզում են լսել, բայց մենք նաև շատ պոզիտիվ արձագանքներ ենք լսում առ այն, որ բազմաթիվ մարդկանց համար դյուրին է դարձել տեղաշարժվելը, քանի որ անգամ տնտեսությունն է կախված մարդկանց արագ տեղաշարժից։ Փորձը ցույց է տվել, որ օրական 10.000 երթ ենք ունենում, որից 60-70 տոկոսի նպատակը տեղափոխումն է. մարդիկ որպես փոխադրամիջոց են օգտագործում դրանք։ Անկախ մեր ուզել-չուզելուց՝ ինքնագլորները լինելու են»,- ասում է գործարարը և առաջարկներ անում՝ պետք է ինֆրաստրուկտուրան հարմարեցնել նաև այս փոխադրամիջոցներին, որպեսզի բողոքի ալիքից խուսափենք, պետք է սահմանափակումներ մտցվեն, թե որ հատվածներում կամ այգիներում կարելի է վարել, որտեղ՝ ոչ. «Օրինակ, Հյուսիսային պողոտայում իդեալական լուծում կա՝ աջ կամ ձախ կողմում առանձին գույնով գծվի, ճանապարհ հատկացվի հատուկ ինքնագլորների ու հեծանիվների համար։ Հավաստիացնում եմ՝ 90%-ը այդպես կերթևեկի։ Կամ, պատկերացրեք՝ Մաշտոցի պողոտայում՝ կենտրոնական մասում, որտեղ հոծ գիծն է, լայնացվի, դրվեն պատնեշներ և հատկացվի միկրոփոխադրամիջոցներին։ 2-3 փողոց՝ Հյուսիսային, Մաշտոցի պողոտան, Սայաթ-Նովան, եթե կարողանանք հարմարեցնել, կլուծենք հիմնական խնդիրը՝ Բաղրամյանը Ալեք Մանուկյանին կապելով, Կորյունը՝ քաղաքապետարանին, ու այդ ժամանակ մեծ տրաֆիկ կարող ենք տանել ճիշտ ուղղվածությամբ»։

Մեր զրուցակիցը մեծագույն խնդիր է համարում նաև Երևանում մեքենաների ահռելի քանակությունը, ինչը քաղաքի կենտրոնում երթևեկելը դարձրել է խնդրահարույց, իսկ այս բիզնեսը համարում է մեքենաներին այլընտրանք։ «Մենք նաև ինքնակամ արագության սահմանափակում ենք մտցրել, երբ մարդը նոր է սկսում վարել արագությունը սահմանափակվում է մինչև 18 կմ/ժ, իսկ պրոֆեսիոնալը կարող է մինչև 25 կմ/ժ արագությամբ սլանալ։ Եթե ինձ հարցնեն՝ արդյո՞ք արժի 25-ից բարձրացնել արագությունը, կասեմ՝ հաստատ ոչ։ Երեխաներին էլ, ամեն դեպքում, փորձում ենք թույլ չտալ վարել»։