Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը 168.am-ի հետ զրույցում Փայլասարի մասին պաշտոնական հերքումներին արձագանքում է հակիրճ. «Ինչպես ասել եմ, այդպես է. էլ ի՞նչ հերքում»:
Դիտարկմանը, թե այդ դեպքում Ազգային Անվտանգության ծառայությունը, որը հերքել է այս լուրերը, չի՞ տիրապետում իրավիճակին, Գևորգ Փարսյանն արձագանքեց.
«Ազգային անվտանգության ծառայությունն ասել է՝ դիրքային փոփոխություններ չեն եղել. ես ևս ասում եմ՝ այո, հայկական, ադրբեջանական դիրքային փոփոխություններ չեն եղել. դա այդքանով իրականություն է»:
Հիշեցնենք՝ Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն ահազանգել էին, թե Փայլասարն ամբողջությամբ անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո:
Հոկտեմբերի 19-ին «Զանգեզուր TV»-ի հետ զրույցում Կապան համայնքի ղեկավարը մանրամասնել էր. «Փայլասարը լեռնաշղթա է, որը ձգվում է մի քանի կիլոմետր երկարությամբ, բայց մենք՝ տեղացիներս, Փայլասար հատվածը կոչում ենք փոքր հատված, որտեղ ժամանակին տեղակայված է եղել մեր ՀՕՊ զորամասը: Ինչու՝ նախկինում է տեղակայված եղել, դա ուղիղ առնչություն ունի հենց դեկտեմբերի 18-ի իրադարձությունների հետ, երբ զիջվեցին մեր բոլոր անվտանգության գոտիները:
Այդ հատվածը կոչում ենք նաև «Լակատոր» և այնտեղ տեղակայված են ադրբեջանական սահմանապահ զորքերը և մի քիչ ներքև՝ հայ սահմանապահ զորքերը: Երկու օր առաջվա դրությամբ այս հատվածում տեղակայված են եղել նաև ռուս սահմանապահ զորքերից մի խումբ, այժմ ռուս սահմանապահները տեղափոխվել են և տեղակայվել են այլ հատվածում: Եվ քանի որ սա ստրատեգիական նշանակություն ունեցող հատված էր մեզ համար, հիմա ռուսների բացակայության պատճառով, այս հատվածն ամբողջովին անցավ ադրբեջանցիների վերհասկողության ներքո»: