Իգոր Խաչատուրովի քրեական գործը կքննի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը

27

Քննչական կոմիտեն ավարտել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդու՝ Իգոր Խաչատուրովի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունն ու  հունիսի 30-ին այն ուղարկվել է դատարան։

Իգոր Խաչատուրովի գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանին։

Հիշեցնենք, որ Իգոր Խաչատուրովը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը):

Իգոր Խաչատուրովը ձերբակալվել է մայիսի 17-ին, կալանավորվել՝ մայիսի 20-ին:

Փաստաբան Միհրան Պողոսյանի հավաստմամբ՝ չկա որևէ թույլատրելի, վերաբերելի ապացույց, որը կհիմնավորի, որ  Իգոր Խաչատուրովը որեւէ հանցավոր արարք է կատարել: Բոլոր տեսանյութերով հիմնավորվում է, որ Իգոր Խաչատուրովը որեւէ ոստիկանի չի հարվածել: Ավելին, որեւէ ոստիկան գիտակցությունը չի կորցրել, ինչպես հաղորդել էր ՔԿ-ն:

ՔԿ տարածած հաղորդագրության համաձայն՝ մայիսի 17-ին, ժամը 08:30-ի սահմաններում, անհնազանդության ակցիայի մի խումբ մասնակիցներ Կիևյան փողոցի 15 հասցեի մոտակայքում փակել են ճանապարհը՝ խոչընդոտել քաղաքացիների ազատ տեղաշարժը: Ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցները հորդորել են բացել ճանապարհը՝ փորձելով ակցիայի մասնակիցներին հեռացնել ճանապարհից: Վեճ է եղել ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև: Վերջիներիցս երկուսը իբր ձեռքերով հարվածներ են հասցրել ոստիկանի կրծքավանդակին, ինչի հետևանքով նա կորցրել է գիտակցությունը: