ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդու՝ Իգոր Խաչատուրովի, վերաբերյալ վարույթը ձեռքով է մակագրվել, որի առնչությամբ նախագահող դատավոր Դավիթ Արղամանյանին փաստաբան Միհրան Պողոսյանը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել։ Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, դատարանի բակում՝ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Պողոսյանը։
«Մեզ հետաքրքիր էր, թե ինչ ընթացակարգերով էր սույն վարույթը մակագրվել Դավիթ Արղամանյանին։ Որոշակի հարցեր բարձրացրինք, որոնց պատասխաններին դատավոր Արղամանյանը չէր տիրապետում։ Պարզեցինք, որ սույն գործը, համակարգչային մակագրման բանալիները վերադարձված լինելու պարագայում, կրկին ձեռագիր է մակագրվում։ Մենք ներկայացրինք, որ Արթուր Մկրտչյանի գործողությունները չեն բխում օրենքից, նա կոնկրետ հանցագործության հետ զուգահեռների վրա գտնվող գործողություն է կատարել՝ գործը համակարգչային եղանակով չմակագրելով։ ինքնաբացարկ ենք ներկայացրել»,- ասաց նա։
Նշենք, որ դատավոր Արղամանյանը 2018 թվականի իշխանափոխության օրերին հայտնի դարձավ որպես թմբկահար։ Արղամանյանը «Իմ քայլը» դաշինքի իրավախորհրդատուն էր, ինչպես նաեւ ակտիվ «իմքայլական»։ Խաչատուրովի փաստաբանը վստահ է, որ դատարանն օբյեկտիվ քննություն չի կարող իրականացնել։ Իգոր Խաչատուրովը ձերբակալվել է մայիսի 17-ին «Դիմադրություն» շարժման անհնազանդության ակցիաներին մասնակցելիս։ Ըստ Քննչական կոմիտեի՝ Խաչատուրովը ոստիկանի նկատմամբ բռնություն է գործադրել։