ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկարաձգել է Սիրիայի հետ կապված արտակարգ դրությունը:
«Իրավիճակը Սիրիայում և, մասնավորապես, թուրքական կառավարության գործողությունները՝ ուղղված Սիրիայի հյուսիս-արևելքում ռազմական հարձակմանը, խաթարում է Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետությանը» ջախջախելու արշավը, վտանգի տակ է դնում խաղաղ բնակչությանը և տարածաշրջանում խաղաղությունը, անվտանգությունը և կայունությունը խարխլելու լրացուցիչ վտանգ է ներկայացնում, որը շարունակում է անսովոր և արտառոց վտանգ ներկայացնել Միացյալ Նահանգների ազգային անվտանգությանն ու արտաքին քաղաքականությանը»,- ասված է Սպիտակ տան կայքում հրապարակված հրամանում։
«Այդ իսկ պատճառով, 2019 թվականի հոկտեմբերի 14-ին 13894 գործադիր հրամանով հայտարարված ազգային արտակարգ դրությունը կշարունակի գործել 2023 թվականի հոկտեմբերի 14-ից հետո»,- նշվում է փաստաթղթում։
Այսպիսով, հրամանագիրը երկարաձգվում է ևս մեկ տարով։