Երբ ադրբեջանական կողմը Շուշիի մատույցներում 14 ժամ շարունակ կանգնեցնում է Արցախ հումանիտար բեռներ մատակարարող խաղաղապահների մեքենաները, միանշանակ է, որ այստեղ ամբողջ մեղավորությունը ռոսւներինն է։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը։
Նրա խոսքով՝ 2020 թվականի նոյմեբերի 9-ի համաձայնագրով ռուսական կողմը կոնկրետ պարտավորություններ ունի, որոնք, սակայն, չի կատարում։
«Ադրբեջանցիների լկտիությունը պայմանավորված է ռուսների կրավորական կեցվածքով և նրանց պարտականությունների չկատարմամբ, որովհետև, եթե մեկ անգամ ռուսները լռեցին, երկրորդ, երրորդ անգամ լռեցին, չորրորդ անգամ ադրբեջանցիներն արդեն անելու են այն, ինչ ուզում են։
Թող ոչ ոք բացարձակապես չզարմանա, եթե վաղը նույն ադրբեջանցիները հարձակվեն ռուս խաղաղապահների վրա. և լավ կանեն, որովհետև, որքան ես տեսնում եմ, Ռուսաստանն իր կրավորական կեցվածքով խաղում է Բաքվի դաշտում»,- ասաց Գագիկ Համբարյանը՝ հավելելով, որ Արցախում ռուս խաղաղապահների հետ տեղի ունեցող միջադեպերը պայմանավորված են Փաշինյան-Ալիև տանդեմի գործունեությամբ։
Քաղաքագետը շեշտեց՝ եթե ռուսներն Արցախում շարունակում են չեզոք դիրք գրավել՝ անընդհատ ամեն ինչում մեղադրելով հայկական կողմին, չի բացառվում, որ մոտ ապագայում պարզապես դուրս մղվեն տարածաշրջանից։
«Բացարձակ չպետք է զարմանալ, որ Փաշինյանը, Ալիևը և նրանց թիկունքում կանգնած, մեր տարածաշրջանում բացահայտ հակառուսական քաղաքականություն վարող աշխարհաքաղաքական ուժերը վաղը ռուսների ծոծրակից բռնեն և դուրս շպրտեն ոչ միայն Արցախից, այլ նաև Հայաստանից։
Իրեն գերտերություն երևակայող Ռուսաստանը չի կարող կենտրոնանալ բացառապես Ուկրաինայի վրա։ Եթե գերտերությունը կենտրոնանում է միայն Ուկրաինայի վրա, ապա նա գերտերություն չէ։
Եթե ռուսները մտածում են, որ Արցախն ադրբեջանցիներին հանձնելուց հետո Էրդողանն իրենց շնորհակալ կլինի և թույլ կտա Հայաստանում պահել 102-րդ ռուսական ռազմաբազան, ապա մոսկովյան կաբինետներում նստած անձինք տարրական տգետներ են»,- ամփոփեց Գագիկ Համբարյանը։
Հիշեցնենք՝ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել էին, որ երեկ՝ մոտ ժամը 21:00-ից մինչև այսօր մոտ 11:10-ն, Ադրբեջանի ուժային մարմինները Շուշիի մոտ արգելափակել են Հայաստանից Արցախ հումանիտար բեռ մատակարարող ՌԴ խաղաղապահ զորակազմի մեքենաների տեղաշարժը՝ շուրջ 14 ժամ նրանց կանգնեցնելով ճանապարհին։ Ավելի ուշ խաղաղապահ զորակազմի հրամանատարության և ադրբեջանական կողմի բանակցությունների արդյունքում մեքենաների շարժը թույլատրվել է և նրանք շարժվել են դեպի Ստեփանակերտ: