Թշնամին հայտարարել է Սյունիքում օկուպացիոն ճանապարհ կառուցելու մասին

31

Հունիսի 22-ին Ադրբեջանի Միլլի մեջլիսի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Զահիդ Օրուջը խորհրդարանական հերթական նիստի ժամանակ խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Ուշագրավ է, որ այս անգամ այդ թեմայով մտքերը չեն սահմանափակվել ավանդական շեշտադրումներով։ Ադրբեջանական կողմն այս անգամ ավելի հեռուն է գնացել՝ հայտարարելով, որ ինքն է պատրաստվում Սյունիքում կառուցել այդ օկուպացիոն ճանապարհը՝ չթաքցնելով, որ դրա նպատակը Հայաստանի դեմ պատերազմ վարելն է։

«Մենք այժմ պետք է պատրաստ լինենք ոչ միայն սահմանների բացմանը, այլև Նախիջևանի հետ ցամաքային հաղորդակցության համար «Արևմտյան Զանգեզուրում» (ՀՀ Սյունիքի մարզում – խմբ․) 42 կմ-անոց ճանապարհի կառուցմանը»։ Սրանից հետո պատգամավորն ավելի է պարզեցրել միտքը՝ ակնհայտ դարձնելով, որ ասվածը ոչ թե լեզվի սայթաքում է, այլ Ադրբեջանի կողմից հերթական անպատասխան ագրեսիան ՀՀ դեմ։ Այսպես՝ նա նշել է, որ եթե որևէ օտարերկրյա կազմակերպություն գա՝ Սյունիքում աշխատելու, այդ ժամանակ իրենց ազգային կազմակերպություններն էլ պետք է գան Սյունիք և կարճ ժամկետում վերականգնեն այսպես կոչված «պատմական ճանապարհը»։ Զ․ Օրուջը բառացի նշել է, որ սա Հայաստանի վրա ճնշում բանեցնելու միջոց է, և բխում է ոչ թե խաղաղասիրական օրակարգից, այլ այդ «շինարարական միջոցառումները 44-օրյա պատերազմի շարունակությունն են»։

Հավելենք, որ միջանցքային տրամաբանությունը կարմիր գիծ սահմանած ՀՀ դե-ֆակտո իշխանությունները մեկ օր անց որևէ պատասխան չեն տվել ՀՀ սուվերեն տարածքում օկուպացիոն շինարարության պատրաստակամության վերաբերյալ թշնամական պետության հայտարարությանը։

Աղբյուրը` Hayaliq.com