Ընդդիմությունը շատ մեծ հնարավորություններ ունի շահելու ընտրազանգվածի համակրանքը ու ձեւավորի նոր իշխանություն, եթե գրագետ աշխատի – «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Ապրիլի 17-ին Վայոց Ձոր կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը եւս մեկ անգամ վերահաստատել է հրաժարական ներկայացնելու եւ արտահերթ ընտրությունների գնալու ավելի վաղ ստանձնած պարտավորությունը։ Վերջինս նշել է, որ հրաժարական պատրաստվում է ներկայացնել վերջին եռամսյակում, որպեսզի հունիսի 20-ին տեղի ունենան արտահերթ ընտրություններ։
Ինքը՝ Փաշինյանն արդեն սկսել է իր մարզային այցելությունները, որոնք մասամբ հետախուզական բնույթ ունեն՝ շոշափելու հասարակության տրամադրվածությունները նաեւ իր թեզիսների նկատմամբ։
Վայոց Ձորում, մասնավորապես, Փաշինյանը հայտարարել է պարտադիր ժամկետային զինծառայության ժամկետը կրճատելու մասին։
«Ժամկետային զինծառայության համակարգը ընդհանրապես փոխենք, ժամկետը կրճատենք. կա գաղափար, որ պետք է լինի 5 տարին մեկ 3-ամսյա ծառայություն, որպեսզի երիտասարդները մարտական նվազագույն հմտություններին տիրապետեն»,- Վայոց Ձորում հայտարարել էր Փաշինյանը:
Քաղտեխնոլոգի դիտարկմամբ՝ Փաշինյանը փորձում է ընտրազանգվածի հավանությանն արժանացող հայտարարություններով հանդես գալ, իսկ ընտրազանգվածի մեծ մասն այսօր շահագրգռված է նման կետերի իրականացման մեջ:
«Կարծում եմ, որ զինվորական ծառայության կրճատումը նա հիմա կարող է կյանքի կոչել, քանի որ բոլոր օրենքները ընդունվում են Ազգային ժողովի կողմից, իսկ Փաշինյանը ունի խորհրդարանական մեծամասնություն: Իսկ հունիսի 20-ից հետո դժվար է ասել կկարողանա նա այս ծրագիրը իրականացնել, թե ոչ»,- ասաց քաղաքագետը:
Որքանով նման հայտարարությունները կարող են ազդել ընտրազանգվածի դիրքորոշման վրա՝ քաղտեխնոլոգը դժվարացավ նշել՝ ավելացնելով, որ անհրաժեշտ են սոցիալական հարցումներ իրականացնել, սակայն Հայաստանում վստահել այս հարցումներին չի կարելի: Այդուհանդերձ, նրա գնահատմամբ, ընդդիմությունն ունի բոլոր շանսերը նոր իշխանություն ձեւավորելու համար։
«Քաղաքական ուժերը, որպեսզի գրավեն ընտրական զանգվածի մեծամասնությունը, պետք է շատ ծավալուն աշխատանք կատարեն: Ընդդիմությունը շատ մեծ հնարավորություններ ունի շահելու ընտրազանգվածի համակրանքը։ Եթե գրագետ աշխատեն՝ կարող են կառավարություն ձևավորել և փոխարինել գործող իշխանությանը»,- ընդգծել է քաղտեխնոլոգը: Նրա դիտարկմամբ՝ ընդդիմադիր ուժերը պետք է առանձին գնան ընտրություններին, այլ ոչ թե դաշինքով: «Քաղաքականության մեջ տարբեր ուժերը միացումը կարող է բացասական արդյունք ունենալ: Այսինքն՝ եթե մաթեմատիկայի մեջ 5+5+5=15, ապա քաղաքականությունում մեջ, եթե ամեն կուսակցություն ունի 5 միավոր, ապա միասնական գումարը կարող է ավելի ցածր արդյունք ունենալ, ասենք 10, կամ 11: Արհեստական դաշինքը չի կարող լավ արդյունք տալ, ընդհակառակը՝ դա կարող է բացասական հետևանքներ առաջացնել: Սակայն հետագայում, խորհրդարանում այդ ուժերը կարող են միավորվել»,- շեշտեց Բադալյանը:
Աղբյուր` Փաստինֆո