Ամեն տարի , երբ մոտենում էր Ապրիլի 24-ը, Թուրքիայի ղեկավարները իրար էին անցնում: Այս տարի նրանց իրարարանցումը վերաճեց ահուսարսափի: Պատճառը Սպիտակ տան աղբյուրների, ամերիկյան և միջազգային մամուլի ուդերձում ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի “ցեղասպանություն” բառն արտասանելու պատրաստակամության մասին հետևություններն են: Սակայն, դա չի խանգարել, որ ապրիլի 22-ին նախագահ Էրդողանը, թուրքական թերթերի վկայությամբ, հանդես գա “կոշտ” հայտարարությամբ:
Հատկանշական է, որ այդ հայտարարությունը տեղադրված չէ Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքում: Դրա մասին մամուլին իրազեկել է նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը:
Նա ասել է, որ ապրիլի 24-ին նախագահ Բայդենի կողմից “ցեղասպանություն” բառի օգտագործման հավանականությունը քննարկվել է նախագահականի խորհրդակցական գերագույն խորհուդի Էրդողանի գլխավորությամբ գումարված նիստում, ապա ավելացրել՝ “Մեծարգո նախագահն ասաց, որ շարունակելու են պաշտպանել ճշմարտությունը նրանց դեմ, ովքեր քաղաքական նկատառումներով նեցուկ են լինում “հայոց ցեղասպանության” ստին և զրպարտություններին”: