Դժվարին իրավիճակում առաջնորդը դժվար որոշումներ է կայացնում։ Նա հենց նրա համար էլ առաջնորդ է, որպեսզի ստանձնի այդպիսի որոշումներ կայացնելու պատասխանատվությունը։ Եվ եթե որոշումը սխալ էր, իսկ հետևանքները՝ ծանր, պետության ղեկավարը պատասխանատու է իր գործողությունների համար։ Համենայն դեպս, այդպես վարվում են արժանապատիվ մարդիկ։
Բայց կա նաև ավելի հեշտ ճանապարհ՝ գտնել քավության նոխազ, մեղքը բարդել ուրիշի վրա, խուսափել պատասխանատվությունից։ Դա ավելի հեշտ ճանապարհ է։
Երբ թուրքական բանակը 1915 թվականի հունվարին պարտվեց Սարիղամիշի ճակատամարտում, Էնվերի մոտ մեղավոր դուրս եկան հայերը։ Դա ազդանշան հանդիսացավ Օսմանյան կայսրության տարածքում նրանց բնաջնջումն սկսելու համար։
Հիտլերի մոտ մեղավոր էին հրեաները, կոմունիստները, իսկ հետո՝ նրա սեփական գեներալները։ Հենց նրանց պատճառով Գերմանիան պարտվեց երկու համաշխարհային պատերազմներում։
Մաոյի մոտ մեղավոր դուրս եկան չինովնիկները, հակահեղափոխականները, ինչպես նաև միջատները, մկներն ու ճնճղուկները։ Նրանց ոչնչացրին սովի դեմ պայքարելու համար, ինչից հետո մարդիկ սկսեցին մահանալ էլ ավելի մեծ քանակությամբ։
Պոլ Պոտի մոտ մեղավոր էին բժիշկները, փաստաբանները, մտավորականությունը, գյուղացիները և այլ դավաճաններ։
Բայց Հայաստանում մենք գործ ունենք նոր ֆենոմենի հետ. մեզ մոտ ամեն ինչում մեղավոր դուրս եկան ոչ թե այլ ազգության մարդիկ կամ դասակարգային թշնամիները, այլ Արցախի մեր սեփական հայրենակիցները, մարդիկ, ովքեր փախստական դարձան հենց մեր հանճարեղ առաջնորդի մեղքով։ Այն նույն մարդիկ, ում նա անվտանգ կյանք էր խոստանում, ում հետ պարում էր Շուշիում։
Անպաշտպան մարդկանց, փախստականների, կանանց ու երեխաների վրա թափվեց ատելության ալիք։ Նա նրանց մեղավոր դարձրեց իր բոլոր սխալների համար։ Նա սպառնում է նրանց, հրմշտում է նրանց, գոռում է նրանց վրա՝ հին ձայնապնակի պես սեղմելով հին կոճակը. “Նախկիննե՜ր։ Նախկիննե՜ր։ Ռոբե՜րտ։ Ռոբե՜րտ։ Սե՜րժ։ Սե՜րժ”։ Նրա հետևից միացավ նրա գեբելսյան բանակը. երկար տարիների ընթացքում արցախցիներին դարձրին թշնամի, նրանց մեղադրեցին բոլոր մեղքերի մեջ։ Հենց այս մարդու և նրա օտարերկրյա տերերի հրամանով նրանք հող նախապատրաստեցին նրանց հրեշացման և թշնամուն հանձնելու համար։
Հայհոյում է, սպառնում է, մատ է թափ տալիս, հիստերիա է անում։ Անպաշտպան կանանց ու երեխաների վրա, իր ոստիկանական խուժանի բանակի ներկայությամբ։ Իսկ երբ նրա վրա թքում և ոտքերն են մաքրում հարևան պետությունների առաջնորդները, այս վախկոտը լռում է։ Նրանց վրա նրա դուխը չի հերիքի. դա հերիքում է միայն կանանց, երեխաների ու փախստականների վրա։
Այսպես է վարվում վախկոտը, խաբեբան ու դավաճանը։ Այստեղ պետական ղեկավարից ոչինչ չկա, տղամարդուց ոչինչ չկա։
Եվ հենց այդ պատճառով է նա սպառնում “ալֆա որձերին”, որ նրանցից ինչ-որ բան կկտրի։ Որովհետև հենց դա ինքը չունի։ Չկա այնտեղ ո՛չ պետական գործիչ, ո՛չ էլ տղամարդ։ Եվ հենց այդ պատճառով նա ատում ու նախանձում է և՛ հայ տղամարդկանց, և՛ հայ ժողովրդին։
Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր








