Երևանի Հրաչյա Քոչար փողոցը կարելի է անվանափոխել ու «Անվադողերի» կամ «Ընթացագործների» փողոց անվանել, քանի որ փողոցի գրեթե ամբողջ երկայնքով ավտոմեքենաների տեխսպասարկման կետեր և անվադողերի կամ մարտկոցների խանութներ են։ Քավ լիցի, մեքենայի համար անհրաժեշտ աքսեսուրաների վաճառքով զբաղվողների գործին «վայիս» լինել չեմ ուզում, բայց անառարկելի փաստ է, որ այս փողոցի մեծ մասը զուրկ է մայթից։
Օրեր առաջ Երևանի Մետրոպոլիտեի «Բարեկամություն» կայարանից դուրս եկա դեպի Հրաչյա Քոչար փողոց ու մինչև Նաիրի Զարյան որոշեցի քայլելով հասնել։
Մինչև նշված վայր հասնելը՝ «100 անգամ աղոթեցի, 100 հատ մոմ վառեցի», որ մեքենայի տակ չընկնեմ։
Ճանապարհի մի ստվար հատված ուղղակի մայթ չունի, մի հատվածի մայթն էլ վերոնշյալ խանութների կամ նորոգման կետերի գերին է դարձել, ու հետիոտները զրկվել են իրենց հասանելիք մայթից։
Երևանի քաղաքապետարանը, կարծում եմ, պետք է ուշադրություն դարձնի այս հարցին ու հետևողական լինի, որ բանուկ այս փողոցին վերադարձվի հանրային նշանակության մայթը։
Սևակ Վարդումյան