Նիկոլ Փաշինյանն ապրիլի 17-ին Վայոց Ձոր կատարած այցի ընթացքում անդրադարձել էր ժամկետային զինծառայության ժամկետներին։
Այսպիսով՝ Գետափ համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նա ասել էր, որ պետք է գրավիչ դարձնեն ծառայությունը, ժամկետային զինծառայության համակարգը ընդհանրապես փոխեն, ժամկետը կրճատեն. «Կա գաղափար, որ պետք է լինի 5 տարին մեկ 3-ամսյա ծառայություն, որպեսզի երիտասարդները մարտական նվազագույն հմտություններին տիրապետեն»,- ասել էր Փաշինյանը:
168.am-ի հետ զրույցում ազատամարտիկ Աշոտ Սևյանը՝ հայտնի Չարեքթարի Աշոտը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը՝ նկատեց, որ այս ամենը միայն մեկ բան է նշանակում, որ Փաշինյանն ուզում է վերջնականապես վերացնել հայոց բանակը։
«Այդ մարդը որոշել է վերջնականապես հայ ազգի միջից վերացնել բանակ հասկացությունը։ Նա ինչպես որ ստորագրել է կապիտուլյացիան, այնպես էլ այժմ իր բոլոր քայլերով Հայաստանը տանում է կործանման։ Այս ամենը Նիկոլ Փաշինյանը գիտակցաբար է անում, չհասկանալով չէր կարող էլի այսքան ոչ հայանպաստ քայլեր աներ ու դրանք շարունակեր։ Լավ էլ գիտակցաբար, ծրագրավորված՝ մարդիկ Հայաստանը տանում են կործանման, մեր ապագա սերունդներին տանում են կործանման»,- նշեց Աշոտ Սևյանը։
Թե ստեղծված իրավիճակում ո՞րը պետք է լինի իրավիճակին տիրապետող ու սրտացավ մարդկանց անելիքները, Աշոտ Սևյանը նշեց, որ թեև ինքը քաղաքականությունից հեռու մարդ է, այդուհանդերձ տեսնում է, որ այսօր մարդկանց համախմբող չկա։
«Գիտեմ մեկ բան՝ մի օր հայրենասեր տղաները դուրս են գալու ու այս հարցին վերջ դնեն՝ զենքով լինի թե այլ կերպ, սրա վերջը մի օր պետք է գա։ Սա իմ անձնական կարծիքն է։ Այսօր բոլորը կուսակցություններ են ստեղծում, ընտրությունների են պատրաստվում, ո՞ւմ հետ են պատրաստվում ընտրությունների։ Նույն բանն է, որ այսօր Հայաստանում պատրաստվեն Ալիևի հետ ընտրություններին։ Ինչո՞վ են տարբերվում Նիկոլն ու Ալիևը։ Հիմա կարելի է համարել, որ մենք այլևս ազգային գաղափարախոսություն չունենք»,- շեշտեց Աշոտ Սևյանը։
Ըստ ազատամարտիկի, այսօր Հայաստանն ունի Պաշտպանության նախարարություն և Գլխավոր շտաբ, արդյո՞ք այնտեղից Նիկոլ Փաշինյանին չեն ասել, թե ինչպես է նման բաներ անում։
«Զարմացած եմ՝ Գլխավոր շտաբում նստածները Նիկոլին չե՞ն բացատրում, որ չի կարելի նման բան անել, փաստացի պարզվում է, որ մենք Հայաստանում զինվորական էլ չունենք։ Ինչպե՞ս կարելի է, ԳՇ-ն Նիկոլին չհուշի, որ՝ այ տղա, քո արածով հայ ազգին ու բանակին տանում ես կործանման, սա այն նույն պատմությունն էր, որ բանակին ելակով էին պահում։ Երեք տարի շարունակ ես Նիկոլին անվանել ու անվանում եմ «ցռան Վերգո», բայց ափսոսում եմ, որ միայն անուն եմ տվել ու այլ քայլի չեմ գնացել ու այսօր զգում եմ դրա հետևանքները»,- ընդգծեց նա։
Հարցին՝ մտավախություն չունի՞, որ այս հրապարակումից հետո իրավապահները գնան իր հետևից, քանի որ քննադատում է Նիկոլ Փաշինյանին, Աշոտ Սևյանը պատասխանեց.
«Ես առհասարակ մտավախություն չունեմ, եթե արտահայտվում եմ, ուրեմն ի վիճակի եմ, խոսքերս ուղղակի փողոց չեմ նետում։ Կյանքիս 33 տարին տվել եմ պատերազմներին, ես վախենալու որևէ բան չունեմ։ Ասում եմ՝ այսօրվա իշխանությունը, կառավարությունը, բոլորը՝ վերևից մինչև ներքև, ինձ համար թուրքեր են, թշնամի»։
168.am