Բանասեր, պատմաբան Խաչատուր Դադայանի ՖԲ էջից, –
Երբ Կոմիտասի մասին գրքիս վրա էի աշխատում, Սերովբե-Լևոն Քյուրքճյանի լուսանկարը չունեի, օրեր առաջ եմ հայտնաբերել: Այնինչ նրա հետ կապված մի զարմանալի պատմություն կա, որը զետեղում եմ ստորև:
՛՛Հանրահայտ փաստ է՝ Փարիզի Սբ. Հովհաննես-Մկրտիչ եկեղեցին կառուցվել է Ալ. Մանթաշյանցի ծախքով, շինարարությունն սկսվել է 1902 թ. հուլիսի 14-ին, օծվել՝ 1904 թ. հոկտեմբերի 2-ին: Եկեղեցու ներսի սրբապատկերների ու որմնանկարների գործը 1905 թ. պատվիրվում է տաղանդավոր նկարիչ Սերովբե-Լևոն Քյուրքճյանին: Այս երիտասարդը մազապուրծ էր եղել 1896 թ. Պոլսի կոտորածից, Փարիզում ուսումնառություն ստացել՝ 1900 թ. ավարտելով նկարչական ակադեմիան և կարճ ժամանակում ճանաչվել որպես պալատների վարպետ-զարդանկարիչ:
Սերովբե-Լևոնը շատ լավ ճանաչում էր Կոմիտասին՝ Բեռլինում վարդապետի ուսանողության շրջանից ու նրա անմնացորդ երկրպագուն էր դարձել՝ 1899 թ. լսելով նրա դասախոսությունները հայ ժողովրդական ու եկեղեցական երգի մասին: Կոմիտասը նկարչի համար վերածվել էր կուռքի, ու Քյուրքճյանի երազանքն էր վարդապետին պատկերել որպես հոգևորականի, արվեստագետի ու մեծ հայրենասերի խորհրդանիշ:
Ստանալով եկեղեցու սրբապատկերների պատվերը, Քյուրքճյանը մտածում է, որ հասել է երազանքն իրականացնելու ժամանակը: Նա մեծադիր կտավի վրա, առանց որևէ մեկի տեղյակ պահելու, պատկերում է Կոմիտասին՝ աչքերը դեպի երկինք հառած, որտեղից վարդապետի գլխին իջնում էին լույսի ճառագայթներ, իսկ գլխի շուրջ լուսապսակ կար:
Պատվիրատուին՝ Ալ. Մանթաշյանցին, այնքան դուր են գալիս թե մտահղացումը և թե կատարումը, որ նկարչին կրկնակի գումար է վճարում:
Նույն թվականի վերջերին Կոմիտասը ժամանում է Փարիզ, մի քանի օր գիշերում նորակառույց եկեղեցու առաջնորդարանում ու բազմիցս զրուցում Քյուրքճյանի հետ: Բայց նկարիչը վարդապետին ոչինչ չի ասում իր մտադրության մասին:
Երբ 1906-ին Կոմիտասը Փարիզում հանդես է գալիս դասախոսություններով ու համերգներով, արժանանալով երաժշտական աշխարհի ներկայացուցիչների և մամուլի ամենաջերմ վերաբերմունքին, Քյուրքճյանի մեջ ավելի է ամրապնդվում եկեղեցու սրբապատկերների շարքում Կոմիտասի իր նկարը զետեղելու միտքը:
Մի օր, երբ Քյուրքճյանն արվեստանոցում կտավի վրա վերջին վրձնահարվածներն ու շտկումներն է կատարում, անսպասելիորեն ներս է մտնում Կոմիտասը…
Տեսնելով իր պատկերը, վարդապետը մի պահ կարկամում է, ապա անասելի զայրանում: Լսելով նկարչի բացատրությունը, չկարողանալով այլևս զսպել իրեն՝ Կոմիտասը պահանջում է տեղնուտեղը, իր ներկայությամբ ջնջել պատկերը:
Քյուրքճյանը՝ արցունքն աչքերին, հնազանդվում է:
Զգալով, որ վիշտ է պատճառել, Կոմիտասը համբուրում է նկարչին և ասում. ՛՛Իմ ազնիվ բարեկամ, խնդրում եմ չվշտանաս… Քո միամիտ ու անկեղծ սիրուց մղված՝ սպանել էիր ինձ՝ պոկելով ինձ իմ ժողովրդից ու հայրենիքից և կապելով երկնքին: Ինձ համար չկա ուրիշ երկինք, քան իմ ժողովրդի հարազատ հոգին…՛՛:
Հիմա, ժամանակներ անց, ես կարող եմ հիանալ թե Ալ. Մանթաշյանցի վերաբերմունքով դեպ իր բարերարյալը, թե Կոմիտասի համեստությամբ:
Կարող եմ նաև ափսոսալ, որ այդ կտավը չպահպանվեց: Ոմն նկարիչ, առանց արտոնության, Կոմիտասին դասել էր սրբերի շարքը: Մի բան, որ, ցավոք, չի արվել մինչ օրս…՛՛: