Ես քաղաքապետարանն ուրիշ ձևի եմ հանձնել նախկիններին,լրագրողների հետ զրույցում այսօր նշեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ ի պատասխան հիշեցմանը, որ ինքը նախկինում հայտարարել է, որ քաղաքապետարանում խայտառակ վիճակ է, որի մասին ինքը կխոսի։
Անդրադառնալով իր դեմ հարուցված քրեական գործին, նա նշեց՝ իրեն դատարան են բերել լոկ նրա համար, որ ես մարդկանց հողատարածքներ եմ տվել, որ մարդիկ բնակարաններ, կենցաղսպասարկման օբյեկտներ կառուցեն։ Երկրաշարժ տեսած քաղաքապետը, եթե նման գործելաոճ չի ձեռնարկում, ուրեմն պետք է վռնդել քաղաքապետարանից։ Քաղաքի հատակագիծը փոփոխական է եղել։ Եթե դրա մասին եք ասում, ապա կասեմ, որ ես մեղավոր եմ, որ մարդկանց թողել եմ բնակարաններ կառուցել 90 տոկոս փլված քաղաքում։ Ես զարմանում եմ, որ դրանում կարելի է քաղաքապետին մեղադրել»,պ- ասաց Ղուկասյանը։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ ճնշումների տակ հրաժարվի քաղաքապետի պաշտոնից, Վարդան Ղուկասյանը պատասխանեց.
«Ես էդ տեսակը չեմ, վախեցողներից չեմ։ Ինչ ուզում է՝ անեն, ոնց ուզում է՝ անեն, ամեն տեղ էլ տղամարդու տեղ է։ Գնում ենք առաջ, իմ հայրենիքի համար ամեն ինչի էլ պատրաստ եմ։
Այսօր երկիրը տանում են թուրքացման։ Այսօր հարցը դրել ենք, կամ էստեղ պետք է լինի ռուսը, կամ թուրքը։ Հիմա բոլորդ կողմնորոշվեք՝ կամ թուրքի կողմն եք, կամ ռուսի հետ պետք է գնաք։ Այս ամեն ինչը տեսնելով՝ մենք էս երկուսի մեջ ընտրությունը պետք է քննարկման առարկա սարքե՞նք։
Ավետիք Իսահակյանն ասում էր՝ երկու սերունդ է մեծանում՝ մեկ կոսմոպոլիտ, անհայրենիք, անհավատ, անհայրենիք, սրբապիղծ, մյուսն էլ՝ հավատքով, հայրենիք սիրող, ընտանիք սիրող։ Հաղթելու է ճշմարտությունը»,- ամփոփեց Վարդան Ղուկասյանը։