ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը գրում է․
«ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ուսանող, 44-օրյա պատերազմի կամավոր մասնակից, երեկ՝ գիշերը, կալանքից ազատված քաղբանտարկյալ Տարոն Մանուկյանին կրթության իրավունքից զրկելը անթուլատրելի է։
Իհարկե, մայիսի 8-ին Գյումրու մերձակայքում արձանագրված տարեցների ծեծկրտուքը խիստ դատապարտելի է, բայց երբ այդ քրգործը դառնում է քաղաքական մահակ, ևս անկարելի է: Գիտեմ, որ տարեցների գերակշիռ մասը երիտասարդների դեմ բողոք չեն ներկայացրել, ինչը հանրային համերաշխության կարող էր բերել, որը պետք է խրախուսել, այլ ոչ թե շարունակել թշնամանք սերմանել:
Բայց մայր բուհի պահվածքը այս իրավիճակում խիստ տարակուսելի է: Երբ Արևելագիտության ֆակուլտետի դասախոսները պատրաստակամություն են հայտնել անգամ կալանավայր գնալ և այնտեղ քննություններ ընդունել Տարոն Մանուկյանից, մերժում են ստացել, մեկ բանի մասին է վկայում. հրահանգ կա քաղաքական այլախոհին զրկել կրթության իրավունքից:
Կարծում եմ, ԵՊՀ-ն պետք է վերանայի իր որոշումը և հնարավորություն տա ուսանողին շարունակել կրթությունը:
Ուզում եմ հիշեցնել, որ Նիկոլ Փաշինյանը, ով ժամանակին խրախուսում էր քաղաքական հայացքների արտահայտումը նաև կրթական հաստատություններում, ու ինքն էլ գնում էր հենց այդ ճանապարհով, այսօր ոչ միայն մերժում է, այլեւ պատժում իր քաղաքական հայացքները չկիսողներին:
ՀՀ Սահմանադրության 32-րդ հոդվածի 1-ին մաս.
«յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք»: Ու սա քննարկման ենթակա չէ»: