Եվրամիության երկրների ղեկավարները որոշում են ընդունել սառեցնել այն ծրագիրը, ըստ որի՝ նախատեսվում էր 30 միլիոն եվրո ուղարկել Վրաստան՝ երկրի պաշտպանունակության ուժեղացման համար. հայտարարել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին Թբիլիսիում կայացած միջազգային խորհրդաժողովում։
«Ինչ վերաբերում է ԵՄ-ի և Վրաստանի միջև անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցությանը, ցավոք, պետք է ձեզ տեղեկացնեմ, որ ԵՄ ղեկավարները որոշել են սառեցնել այն գումարը, որը հատկացվել էր Վրաստանի պաշտպանության ուժերի աջակցության համար Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում։ Այս պահին 30 միլիոն եվրո գումարը, որը մենք նախատեսում էինք փոխանցել Վրաստանի պաշտպանության նախարարությանը, սառեցված է», – Գերչինսկիի խոսքերն է մեջբերում Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը։
Դիվանագետի խոսքով՝ դա ԵՄ-ի կողմից ձեռնարկված դեռ միայն առաջին քայլն է Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումից հետո։
«Մեր ուղղակի աջակցությունը Վրաստանի կառավարությանը կկրճատվի։ Մենք կաշխատենք այդ ուղղակի աջակցությունը փոխանցել քաղաքացիական հասարակությանը և ԶԼՄ-ներին»,- նշել է Գերչինսկին։