Եվրամիության առաջնորդները կրկին փորձում են խափանել Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցությունները և մտադիր են ամբողջ Եվրոպան ներքաշել Ռուսաստանի հետ պատերազմի մեջ: Այս նախազգուշացումը հնչեցրել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն՝ Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը մեկնելիս. հայտնում է ՏԱՍՍ-ը։
Սիյարտոն կարծում է, որ այն, ինչ հիմա տեղի է ունենում, նույնն է, ինչ տեղի ունեցավ 2022 թվականին Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցություններից հետո, և նույնը, ինչ տեղի ունեցավ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև Ալյասկայում 2025 թվականի օգոստոսի 15-ին կայացած հանդիպումից հետո։
«Եվրոպացիները, Բրյուսելի պաշտոնյաները և արևմտաեվրոպական քաղաքական գործիչները ցանկանում են խափանել խաղաղության բանակցությունները։ Արևմտաեվրոպական քաղաքական գործիչներն այժմ գրեթե բացահայտորեն զբաղվում են սադրանքներով և ցանկանում են ամբողջ Եվրոպան ներքաշել Ռուսաստանի հետ պատերազմի մեջ», – ասել է Սիյարտոն M1 հեռուստաալիքով հեռարձակված տեսաուղերձում ։
Նա նշել է, որ Հունգարիան մտադիր է «դուրս մնալ սրանից»։ Արտաքին գործերի նախարարը պատրաստ է այն փաստին, որ երկուշաբթի Բրյուսելում կայանալիք ԵՄ Արտաքին գործերի խորհրդի նիստում իրեն «մշտապես կսադրեն՝ հունգարացիներին պատերազմի մեջ ներքաշելու համար»։
«Մենք, անշուշտ, դա թույլ չենք տա», – վստահեցրել է նախարարը։





