Երբ ես արտահայտում եմ ինչ-որ կարծիք, դրանք իմ ընկերներին հարվածի տակ են դնում, տարատեսակ կեղծ մանիպուլյացիոն մեկնաբանություններ են անում, լրագրողների հետ զրույցում այսօր նշեց ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը:
«Օրինակ, ինձ ասում են՝ դուք եկել եք խորհրդարան, որ հանեք Նիկոլին: Ես էլ ասում եմ՝ չէ, ընկեր: Նրանք այդ «չէ, ընկեր»-ը կտրում են ու ասում՝ Գեղամ Նազարյանն ասաց՝ չէ: Ես ընդամենն ասում եմ, որ մենք Նիկոլ Փաշինյանին հեռացնելու խնդիր դրել էինք դեռ մինչև խորհրդարանական ընտրությունները և դրա համար ենք պայքարում, և դա բերեց նրան, որ հասանք արտահերթ ընտրությունների: Մենք հո չէի՞նք պայքարում, որ դառնանք ընդդիմություն խորհրդարանում և հասնենք նրա հրաժարականին:
Մենք ընտրություններին մասնակցել ենք, որ ձևավորենք իշխանություն: Հիմա պարզվեց, որ դու ընդդիմություն ես լինելու և պետք էր որոշել՝ մանդատը վերցնում ես, թե ոչ: Եթե դու մանդատը վերցնում ես, դու արդեն չես կարող ասել՝ ես խորհրդարան չեմ գնալու, նիստերին չեմ մասնակցելու, պատգամավոր չեմ: Եթե դու դա չես անելու, ավելի լավ է ասես՝ ես մանդատը չեմ վերցնում, ոնց որ վրացիները արեցին:
Բայց եթե վերցնում ես, դու պիտի համադրես երկու աշխատանք իրար հետ»,- ասաց Գեղամ Նազարյանը:
Ըստ նրա՝ եթե դու պատգամավոր ես, ապա պետք է նաև պատգամավոր աշխատես։
«Ամոթ չի պատգամավոր աշխատելը: Իմ գործընկերներն ասում են՝ սիրելի՛, հարգելի՛ Գեղամ, այդ մեկնաբանություններին տեղիք չտալու համար անընդհատ մի ասա, որ մենք նաև պատգամավոր ենք։ Ես էլ ասում եմ՝ չէ, եկեք մենք փորձենք այս հանրությանը բացատրել»: