«Արդեն ավանդույթ է դարձել։ Ամեն ելույթից հետո ինձ ինչ-որ իրավապահ մարմին կանչում է բացատրություն տալու։ Այս անգամ խոսքը վերաբերվում էր ՀՔԾ-ի դիմաց իմ ելույթին, որևէ պարզաբանում չեմ տվել, բացատրություն չեմ տվել, գտնում եմ՝ դրա անհրաժեշտությունը չկա»,- այս մասին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության դիմաց ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը, որը հրավիրվել և ներկայացել էր հարցաքննության։ Սաղաթելյանը նշեց, որ շարունակելու է քաղաքական ելույթները, որևէ մեթոդով չեն կարող լռեցնել իրենց պայքարը և հետ պահել։
Հարցին՝ իրատեսակա՞ն է, որ ընդդիմության կանխատեսումներն իրականանան ու վարչապետը ամանորին հրաժարական տա, Սաղաթելյանը նշեց, որ դեռ ամանոր չէ, պայքարը շարունակում են։
«Բոլոր այն կարծիքները, որ պայքարը կարող է մարել, կարող է նահանջել, վստահեցնում եմ՝ նման բան տեղի ունենալ պարզապես չի կարող, քանի այս չարիքի կառավարությունը գոյություն ունի, պայքարն ավելի է թեժանալու։ Հայ մարդը չի կարող հանդուրժել այս չարիքը»,-հայտարարեց Սաղաթելյանը։
Երեկվա նախաձեռնությունը՝ շրջափակել կառավարության շենքը՝ վճռական գործողություն էր, որի նպատակը, բացի նիստը չեղարկելուց, կառավարության շենքը շրջափակման մեջ պահելն էր, ինչն էլ ստացվեց մոտ չորս ժամ։
«Շարունակում եմ պնդել, որ դավաճանի իշխանության ամեն րոպե ավելի մնալը կորուստ է մեր երկրից, ազգային աղետին այլևս հաջորդում է սոցիալ-տնտեսական աղետը, առաջիկայում լուրջ խնդիրներ ենք ունենալու։
Ամեն օր, ամեն ինչ անելու ենք, որ այս մարդը հեռանա։ Ամեն ինչ անելու ենք, որ 2021-ը առանց Նիկոլի լինի։ Եթե հանկարծ նոր տարի մտնենք Նիկոլով, մենք այդ գիշերվանից սկսած նույն վճռականությամբ շարունակելու ենք պայքարը»,- ասաց Սաղաթելյանն ու հավելեց, որ այսօր տեղի են ունենալու անհնազանդության բողոքի ակցիաներ, վրանները հրապարակում ամրանալու են, գլխավոր հրապարակ է տեղափոխվելու նաև կենտրոնական շտաբը և հրապարակը լինելու է շարժման ղեկավարման կենտրոնը։
Փաստինֆո